Մահափորձ Եգիպտոսի ներքին գործերի նախարարի դեմ

Կահիրեում ականապատ մեքենա է պայթել այն պահին, երբ նրա կողքով ընթանալիս է եղել Եգիպտոսի ներքին գործերի նախարար Մուհամադ Իբրահիմի ավտոշարասյունը, հաղորդում է BBC-ն։

Իշխանությունները տեղեկացնում են, որ նախարարին հաջողվել է ողջ մնալ, սակայն հարձակման հետևանքով մի քանի մարդ տուժել է։

Մեքենան կայանված է եղել Իբրահիմի տնից ոչ հեռու՝ Կահիրեի հյուսիսարևելյան Նասր Սիթի թաղամասում։

Իշխանությունները նաև հայտարարել են, որ ոստիկանությունը սպանել է նախարարին սպանել փորձած երկու զինյալի։

Այլ տեղեկությունների համաձայն՝ ռումբը շարասյան վրա է նետվել մոտակայքում գտնվող շենքի տանիքից։

Մուհամադ Իբրահիմը ներքին գործերի նախարար է դարձել դեռ իսլամիստ նախագահ Մուհամադ Մուրսիի (որը զինվորականների կողմից իշխանությունից հեռացվեց հուլիսի 3-ի ուշ երեկոյան) օրոք։

Մեկնաբանել