Ժնևի էկումենիկ կենտրոնում սեպտեմբերի 2-ին բացվել է «Զի Ես կենդանի եմ, և դուք կենդանի լինելոց էք» (Ղուկ. ԺԴ 19) խորագրով ցուցահանդես` նվիրված XX դարի առաջին ցեղասպանությանը` Հայոց Մեծ Եղեռնին, հաղորդում են Մայր Աթոռի մամուլի դիվանից:
Ցուցահանդեսը կազմակերպել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվը և Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը` աջակցությամբ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի:
Թեմատիկ ցուցավահանակների և գրքույկի միջոցով այցելուներին ներկայացվել են պատմական ամփոփ տեղեկություններ Հայաստանի ու հայ ժողովրդի, հանուն հայրենիքի և հավատքի հայոց դարավոր մաքառումների մասին, Հայոց Ցեղասպանության վերաբերյալ արխիվային վավերագրեր և լուսանկարներ, համաշխարհային մամուլի էջերում տպագրված հոդվածներ, Եղեռնը վերապրած հայորդիների վկայություններ, Քրիստոնեական Եկեղեցիների պետերի գրություններ, Հայոց Ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների հայտարարություններ:
Ցուցահանդեսի նյութերում տեղ են գտել նաև առաջին անգամ հրապարակվող արխիվային նյութեր, ինչպես օրինակ` Կ.Պոլսի Հայոց պատրիարքի նամակները:
Որպես խոսնակ` ցուցահանդեսի բացմանը հրավիրված էին Ֆրանսիայի հայոց թեմի Մարսելի և Հարավային շրջանի առաջնորդական փոխանորդ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը և ԵՀԽ գլխավոր քարտուղարի տեղակալ դոկտոր Իսաբել Ապավո Փիրին:
Հայոց Ցեղասպանությանը նվիրված նյութերի ցուցադրությունը կտևի մինչև սեպտեմբերի վերջ և հետագայում կկազմակերպվի նաև այլ երկրներում: