Կարծես հարցը վերաբերում է իր անձնական դուքյանին. Լևոն Զուրաբյանը՝ Սերժ Սարգսյանի որոշման մասին

Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին մտահոգում է այն հանգամանքը, որ Հայաստանի ապագային վերաբերող կարևորագույն հարցերը լուծվում են առանց ՀՀ քաղաքացիների իմացության: ՍիվիլՆեթի հետ զրույցում անդրադառնալով Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշմանը՝ Զուրաբյանն ասել է. «Ե՛վ Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ, և՛ Մաքսային միությանը միանալու քաղաքական որոշումը, և՛ Եվրասիական միության մասին խոսակցությունները,- դրանք բոլորը ճակատագրական հարցեր են Հայաստանի համար, և ես չէի ցանկանա այդ հարցերին թռուցիկ անդրադառնալ, այլ կցանկանայի շատ ավելի խորը խոսակցություն գնար, որը կլինի: Մենք դրա մասին կխոսենք, մեր գնահատականները կտանք, դա կլինի շատ խորը և հստակ վերլուծություն: Մի հանգամանք կարող եմ միայն նշել, որ ինչքան էլ այդ հարցերը ճակատագրական են, Սերժ Սարգսյանը վարվում է դրանց հետ կարծես խոսքը վերաբերում է իր անձնական դուքյանին, ոչ թե Հայաստանի ապագային: Նա տեղյակ չի պահում հայ ժողովրդին, մեր հասարակությանը այդ գործընթացների մասին, չի ներկայացնում այդ ամբողջ բանակցությունների թեմաները համազգային քննարկման, ընդհանրապես չի նախաձեռնում հասարակության դեբատը այս ամեն ինչի շուրջ, ընդհանրապես քննարկումներ չկան այն մասին, թե ո՛ր պայմանագիրը, ո՛ր ընտրությունը մեզ ինչ առավելություններ է բերում և հակառակը՝ ինչ պրոբլեմներ է առաջացնում»:

Այդ հարցերի շուրջ հանրային քննարկման նախաձեռնողը, ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավարի, պետք է լիներ իշխանությունը, բայց «ամեն ինչ արվում է փակ դռների հետևում»:

«Ընտրություն է կատարվում Սերժ Սարգսյանի կողմից անձամբ և այդ ընտրությունը ավելի շատ պայմանավորված է նրա վրա ինչ-որ ճնշումներով, քան թե արտահայտում է հայ ժողովրդի կարծիքը»,- ասել է Զուրաբյանը՝ կրկնելով, որ առաջիկայում ՀԱԿ-ը այս խնդիրների վերաբերյալ ավելի մանրամասն հանդես կգա:

Տեսանյութը դիտեք այստեղ:

Մեկնաբանել