ԵՄ-ն կողմ է սիրիական ճգնաժամի քաղաքական լուծմանը

Միջազգային հանրությունը պետք է կենտրոնանա սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման ուղղությամբ, ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 5-ին մեկնարկած Մեծ քսանյակի (G20) գագաթաժողովի շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:

«Եվրամիությունը վստահ է, որ ջանքերը պետք է ուղղվեն քաղաքական կարգավորմանը»,- ասել է Բարոզուն։

Իր հերթին Հռոմի պապ Ֆրանցիսկը Մեծ քսանյակի գագաթաժողովի բացմանն ընդառաջ նամակ էր հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում ընդգծել էր Սիրիայի հարցում միջազգային հանրության համաձայնեցված որոշման կարևորությունը։

Հռոմի պապը G20-ի երկրների առաջնորդներին կոչ էր արել հաղթահարել իրադրության շուրջ առկա տարաձայնությունները և փորձել գտնել հակամարտության խաղաղ լուծում։

Ներկայում համաշխարհային առաջնորդները դիտարկում են սիրիական ճգնաժամի լուծման երկու տարբերակ։ Ի սկզբանե քաղաքական գործիչները կողմ էին հանդես գալիս Սիրիայում իրադրության խաղաղ լուծմանը՝ հայտնի որպես «Ժնև-2» բանակցությունների իրականացման միջոցով։

Սակայն կա դեպքերի զարգացման մեկ այլ տարբերակ՝ ռազմական ուժի կիրառում, որին վերջին մի քանի օրերին կողմ է հանդես գալիս ԱՄՆ-ը․ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նախօրեին ընդունել է Սիրիայում ռազմական գործողությանը հավանություն տվող բանաձևի նախագիծը։ Այժմ Կոնգրեսը այն պետք է քննարկի վերին և ստորին պալատների համատեղ նիստում։

Հիշեցնենք, որ Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, 2 մլն մարդ փախստական է, ավելի քան 4 մլն մարդ՝ ներքին տեղահանված։