Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013թ.-ի ծրագրով՝ մայրաքաղաքի Գրիգոր Լուսավորիչ – Մաշտոցի պողոտա հատվածում շարունակվում են ստորգետնյա հետիոտնային անցումի նորոգման աշխատանքները: Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվում են հատակի բետոնե և բազալտե սալիկները, բարեկարգվում է առաստաղը:
Ծրագրով նախատեսված վերանորոգման աշխատանքներ են ընթանում նաև անցումի վերգետնյա մասի արտաքին հատվածում: Փոխվում են պատերի ու թասակների բազալտե սալիկները, զուգահեռաբար բարեկարգվում են նաև աստիճանավանդակները: Ստորգետնյա անցումի ջրամեկուսացման խնդիրը լուծելու նպատակով, կտեղադրվեն նաև անձրևորսիչ նոր ցանցեր, կիրականացվեն ջրընդունիչ հորերի մաքրման աշխատանքներ: Բարեկարգման աշխատանքների ավարտից հետո ստորգետնյա անցումով բնակիչների անցուդարձը հարմարավետ ու անվտանգ կլինի նաև գիշերային ժամերին: Ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվելու է նաև լուսավորության համակարգը: