Հայաստանը հայտնվել է ծայրահեղ նվաստացուցիչ վիճակում. ՀԱԿ

«Եթե պետք է մեղավոր փնտրել, ապա դա ոչ այլ ոք է, քան Սերժ Սարգսյանը և նրա ավազակապետական ռեժիմը, որն այդպես էլ չհասկացավ քաղաքականության և կազինոյի տարբերությունը»,- նշված է ՀԱԿ-ի հայտարարությունում: (Լուսանկարը՝ Ֆոտոլուրի)

Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը: Հայտարարությունը, որը տարածել է ilur.am կայքը, ներկայացված է ստորև:

Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները ընդունել են մի քանի որոշումներ, որոնք առնչվում են Եվրոպական Միության հետ Ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրերին, ինչպես նաև Մաքսային և Եվրասիական միություններին Հայաստանի միանալու վերաբերյալ:

Հայաստանի համար ճակատագրական այս հարցերի շուրջ բանակցությունների ամբողջ գործընթացը չի եղել թափանցիկ, համաձայնությունների և պայմանագրերի էությունը և հիմնավորումները գաղտնի են պահվել և չեն քննարկվել Հայաստանի քաղաքական ուժերի, հասարակայնության հետ ո՛չ Ազգային ժողովում, ո՛չ հանրային բանավեճի որևէ այլ ձևաչափում, և Սերժ Սարգսյանի կողմից կայացվել են ստվերային քաղաքական առևտրի և խաղադրույքների վրա հիմնված միանձնյա որոշումներ:

Ոչ հրապարակային, կամայական և ոչ կոմպետենտ այս քաղաքականության հետևանքով Եվրոպական Միության և Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի հարաբերություններում առաջացել է անվստահություն և լարվածություն, և նրանց հետ ինտեգրացիոն գործընթացները համագործակցության դաշտից տեղափոխվել են Հայաստանի համար Արևմուտքի և Ռուսաստանի միջև առճակատային մրցակցության և երկրի նկատմամբ բանեցվող ճնշումների դաշտ:

Պաշտոնական Երևանի իրարամերժ, փոփոխական, անսկզբունքային և անհետևողական հայտարարությունների և քայլերի պատճառով Հայաստանը հայտնվել է ծայրահեղ նվաստացուցիչ վիճակում և ոչնչացրել է միջազգային ասպարեզում (հավասարապես թե՛ Ռուսաստանում, թե՛ Արևմուտքում) վստահելի և կանխատեսելի գործըներոջ վարկը՝ առաջացնելով աննախադեպ սպառնալիքներ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության համակարգի համար:

Կատարվածի մեջ բացարձակապես չպետք է մեղադրել ո՛չ Եվրոպական Միությանը, ո՛չ էլ Ռուսաստանին: Եթե պետք է մեղավոր փնտրել, ապա դա ոչ այլ ոք է, քան Սերժ Սարգսյանը և նրա ավազակապետական ռեժիմը, որն այդպես էլ չհասկացավ քաղաքականության և կազինոյի տարբերությունը:

Հայ ազգային կոնգրեսը շարունակում է մնալ հավասարակշռված արտաքին քաղաքականության և փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների կողմնակից, և վստահ է, որ Հայաստանի միջազգային վարկի վերականգնումը և բազմակողմանի ինտեգրացիոն գործընթացների շարունակականությունն անհնարին է Սերժ Սարգսյանի ռեժիմի գոյության պահպանման պայմաններում, և կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին միավորվել ոչ օրինակարգ իշխանության հեռացման և ազգային շահերը պաշտպանող իշխանության ձևավորման նպատակի շուրջ, ինչը վստահաբար դրական ազդեցություն կունենա ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրոպական Միության հետ հարաբերությունների որակի վրա:

Մեկնաբանել