Հռոմի պապը նամակ է գրել Վլադիմիր Պուտինին

Սանկտ Պետերբուրգում Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի մեկնարկից առաջ Հռոմի պապ Ֆրանցիսկը նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որում ընդգծել է Սիրիայի հակամարտության հարցում միջազգային հանրության համաձայնեցված որոշման կարևորությունը, հաղորդում է BBC-ն:

Պապը կոչ է արել G20-ի մասնակից երկրների ղեկավարներին հաղթահարել գոյություն ունեցող հակասությունները և խաղաղ լուծում տալ հակամարտությանը:

«Ցավոք, Սիրայում հակամարտության հենց սկզբից գերիշխել են միակողմանի շահերը, ինչը փաստացի խոչընդոտել է այնպիսի լուծում գտնելուն, որը կօգներ խուսափել անիմաստ կոտորածից»,-ասված է Պապի նամակում:

Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 5-ին մեկնարկել է Մեծ քսանյակի գագաթաժողովը։

G20-ը պաշտոնապես տնտեսական ֆորում է, թեև ոչ ոք չի թաքցնում, որ հանդիպումների ընթացքում գլխավոր թեման, այնուամենայնիվ, լինելու է Սիրիան։ Սա խոստովանում են և՛ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, և՛ ընդունող կողմը՝ ի դեմս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, և՛ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման։

Մեկնաբանել