Ոչ պաշտոնական իրավապահ մարմինների ստեղծումը միակ ելքն է

Քաղաքացիական ակտիվիստների դեմ Երևանում սովորական դարձող հարձակումներն ու բռնի գործողությունները կարող են երկիրը տանել քաոսի: Հանցավոր կազմակերպված խմբերի անպատիժ գործելը հայության մայրաքաղաքում խոսում է անպտժելիության մթնոլորտի մասին: Ոստիկանության կողմից քայլեր չձեռնարկելը, ավելին, անգործությամբ և ակցիաների ժամանակ քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ ոստիկանական բռնություններով հանցավոր խմբերին աջակցելը կարող է բերել անվերահսկելի իրավիճակի:

Հանրությունը, զրկվելով պետական մարմինների կողմից սեփական անվտանգության պաշտպանությունից, կարող է նախաձեռնել նոր մարմինների ստեղծում կամ դիմել սեփական անվտանգության պաշտպանության այլ քայլերի: Քաղաքացիներն իրավունք ունեն նաև իրենց դեմ կատարված հանցագործությունների բացահայտում ակնկալել: Սակայն ստեղծված իրավիճակում, երբ ոչ մեկը չի հավատում իրավապահ մարմինների կողմից ակտիվիստների դեմ կատարվող հանցագործությունների բացահայտմանը, կարող են առաջանալ ինքադատաստանի ցանկություններ:

Ինքնադատաստանը, ոչ պաշտոնական իրավապահ մարմինների ստեղծումը միակ ելքն են ստեղծված իրավիճակից: Ոստիկանությունը ծառայում է հանցագործ խմբերի շահերին և նրանից ակնկալել քաղաքացիների իրավունքների կամ կյանքի պաշտպանություն, միանգամայն ապարդյուն է: Հանցավոր խմբերին պետք է հակազդել միայն կազմակերպված ուժով: ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն ապահովել քաղաքացիների նկատմամբ իրենց կողմից ստանձնած պարտավորությունները, հետևաբար հարկավոր է օգնել նրանց:

Մարդուն հակաօրինական գործողություններ կատարելուց հետ պահող ամենաարդյունավետ միջոցը վախն է: Նորմալ երկրներում դա օրենքի նկատմամբ վախն է, որոշ հասարակություններում՝ վենդետան: Այն երկրները, որոնք կարողանում են ապահովել իրավական պետության ատրիբուտներ, հասարակության մեջ ապահովել արդարության զգացում, ուժեղ իրավապահ մարմիններ և օրենքի գերակայություն, կարողանում են զսպել հանցագործությունները օրենքի առջև պատասխանատվության վախով: Պակաս արդյունավետ չէ նաև վենդետայի ինստիտուտը ավանդական որոշ հասարակություններում՝ մարդը չի գնում հանցագործության՝ վախենալով իր նկատմամբ համարժեք պատասխանից:

Այսօր Երևանում ստեղծվել են հանցավոր խմբեր, որոնք չեն վախենում օրենքի առջև պատասխանատվություն կրելուց և որոնք չեն արժանանում համարժեք հակահարվածի իրենց զոհերի կամ նրանց շրջապատի կողմից: Արդյունքում ՀՀ մայրաքաղաքում ստեղծվել է քաոսային վիճակ, որից պետք է փնտրել արտակարգ լուծումներ:

Այս օրերին տեղի ունեցող ակցիաները հատուկ են այն երկրներին, որտեղ քաղաքացիների կարծիքն արժեք ունի, բայց բոլորովին անիմաստ են հայաստանյան այս ռեժիմի պարագայում, որը թքած ունի հնարավոր բոլոր կարծիքների վրա և զբաղված է հասարակությունը թուլացնելու, ոչնչացնելու կոնկրետ ծրագրով, չի վայելում հասարակության լայն զանգվածների վստահությունը և իր իշխանությունը պահում է հանցավոր խմբավորումների սփռած վախի շնորհիվ: Ժամանակն է դադարեցնել բոլոր տեսակի ակցիաները, իրավապահ մարմինների և բանակի նախկին ծառայակիցներից ձևավորել այլընտրանքային իրավապահ մարմիններ և ուժային հարված հասցնել հանցավոր խմբերին, այդ թվում ոստիկանության ապօրինի գործողություններին: Թվում է, թե այս տարբերակը քաղաքացիական պատերազմի սցենար է, այնինչ սա միակ ելքն է ստեղծված անիշխանությունից դուրս գալու համար: Ոստիկանությունը դադարել է իրականացնել իր ֆունկցիաները, հարկավոր է նոր ոստիկանություն ստեղծել: Այլապես անպատժելիության մթնոլորտը բերելու է նոր զոհերի և արտագաղթի նոր ալիքի:

(Լուսանկարը՝ Ֆոտոլուրի)

Մեկնաբանել