Հայաստանն ու ԵՄ-ն կշարունակեն ինտենսիվ խորհրդատվությունները

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 5-ին հանդիպում է ունեցել Եվրահանձնաժողովի Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Զրուցակիցներն անդրադարձել են Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը: Այդ համատեքստում Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը առաջ մղելու հնարավորինս լայն ձևաչափերով Եվրամիության հետ փոխգործակցությունը՝ շարժունակության, բարեփոխումների խթանման, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, բազմաոլորտ տնտեսական համագործակցության և այլ բնագավառներում՝ ընդգծելով, որ Հայաստանը ցանկանում է շարունակել հնարավոր սերտ գործընկերությունը՝ որքանով որ ԵՄ-ի համար հնարավոր կլինի դա և որը չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։

Հանդիպմանը քննարկվել են Վիլնյուսյան գագաթաժողովին ընդառաջ սեպտեմբերի 12-13-ը Երևանում կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Զուգահեռ Երևանում կկայանա Արևելյան գործընկերության անդամ երկրների կրթության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Այս միջոցառումներին կմասնակցեն Արևելյան գործընկերության անդամ երկրների արտաքին գործերի, կրթության նախարարները, Շտեֆան Ֆյուլեն, Կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլուն, ԵՄ արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիտը։

Էդվարդ Նալբանդյանը և Շտեֆան Ֆյուլեն պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել  ինտենսիվ խորհրդատվությունները Հայաստանի և Եվրամիության միջև։