Օբաման ու Էրդողանը կշարունակեն քննարկել Սիրիայի խնդիրը

Սեպտեմբերի 5-ին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում մեկնարկած Մեծ քսանյակի գագաթաժողովի ընթրիքից հետո ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օմաբան և Թուրքիայի վաչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում են ունեցել, հաղորդում է թուրքական Milliyet-ը:

Ինչպես ակնկալվում էր, երկու երկրների ղեկավարները քննարկել են Սիրիայի հարցը և մասնավորապես` Սիրիայում ռազմական միջամտություն իրականացնելու խնդիրը:  Թուրքական աղբյուրը հաղորդում է նաև, որ վերոնշյալ խնդիրներն ավելի հանգամանորեն քննարկելու համար Օբաման ու Էրդողանը պայմանավորվել են  հանդիպել նաև սեպտեմբերի 6-ին:

Թեև Մեծ քսանյակը կոչված է լուծելու համաշխարհային տնտեսական խնդիրները, սակայն ակնհայտ է, որ գագաթաժողովի ընթացքում և առանձին հանդիպումների կիզակետում է լինելու Սիրիայի խնդիրը: Մասնավորապես` ԱՄՆ-ը քննարկում է Սիրիայում ռազմական գործողություն սկսելու ծրագիրը` պնդելով, թե Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը քիմիական զենք է օգտագործել խաղաղ բնակչության նկատմամբ: Դրան հակառակ` Ռուսաստանը պնդում է, որ քիմիական զենք օգտագործել են Ասադին ընդդիմադիր խմբավորումները: