Թուրքիայում փորձում են չհիշել 1955թ. սեպտեմբերի բռնությունները` ընդդեմ ազգային փոքրամասնությունների

1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում կազմակերպվել են հույն բնակչության ջարդերը: Թեև թուրքական հարձակումների թիրախում հույներն էին, սակայն թուրք ամբոխը հարձակումներ է գործում ոչ միայն հույների, այլև ազգային մյուս փոքրամասնությունների` հայերի ու հրեաների վրա: Այն, որ հույների, հայերի ու հրեաների վրա հարձակումներն ինքնաբուխ չէին, այլ կազմակերպված, վկայում են հենց թուրք բարձրաստիճան զինվորականների հայտարարությունները:

Հատկանշական է, որ այդ շրջանում թուրք-հունական հարաբերությունները սրված էին, ինչն էլ իր ազդեցությունն է թողել սեպտեմբերյան իրադարձությունների վրա: Ինչպես միշտ գերիշխող էր այն մտայնությունը, թե ոչ թուրք բնակչությունը թշնամի է, որին կարելի է անարգել կողոպտել և անպատիժ մնալ:

Բռնությունների առիթ են դառնում տարածված լուրերն այն մասին, թե Սալոնիկում հույները քանդում են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի բնակարանը: Լուրը տարածում են թուրքական թերթերը, որոնք նմանատիպ հրապարակումներով ազգային փոքրամասնությունների նկատմամբ ատելություն էին սերմանում: Վերոնշյալ լուրը հրապարակում է İstanbul Ekspres թերթը: Սեպտեմբերի 6-ին այն լույս է տեսնում ոչ թե սովորականի պես 20 հազ., այլ 290 հազ. օրինակով:

Ամբոխը հարձակվում և կողոպտում է ազգային փոքրամասնություններին պատկանող բնակարանները, դպրոցները, եկեղեցիները, խանութները, հիվանդանոցները, գերեզմանոցները: Սպանվում է ավելի քան տասը և վիրավորվում մի քանի հարյուր մարդ: Միայն Ստամբուլում կրակի է մատնվում հույներին պատկանող 73 եկեղեցի: Բռնությունների ալիքը տարածվում է նաև Թուրքիայի այն քաղաքներում, որտեղ շարունակում էին ապրել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:

Այս քայլով Թուրքիայի կառավարությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Թուրքիայում ապրող ոչ թուրք ազգերը չեն ունեցել և չունեն կյանքի և գույքի ապահովության երաշխիք:

Թուրքական լրատվամիջոցները հիմնականում շրջանցում են 1955թ. սեպտեմբերյան բռնությունների թեման: Բացառությունների թվում է թուրքական Bianet կայքը: Վերջինս անդրադարձել է սեպտեմբերյան դեպքերի ժամանակ թուրքական մամուլի սադրիչ դերին` գրելով, որ այդ ջարդերի հրահրման մեջ մեծ է թուրքական լրատվամիջոցների դերը:

Մեկնաբանել