Տնտեսվարողներին կրկին կծանուցեն պարտադիր բարեկարգման կարգի մասին

«Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը հաստատելու մասին» Երևանի ավագանու որոշման պահանջների կատարման ընթացքի վերաբերյալ հարցեր են քննարկվել քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչությունների պետերի և վարչական շրջանների ղեկավարների հետ քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ներկայացնելով պարտադիր բարեկարգման կանոնների պահպանման ուղղությամբ օրենքի պահանջները և դրա հիման վրա ընդունված Երևանի ավագանու սահմանված կարգով քաղաքապետարանի կողմից ձեռնարկված քայլերը, նշել է, որ պետք է մեկ անգամ ևս գրավոր ծանուցել տնտեսվարողներին՝ հարակից տարածքների բարեկարգման և կանաչապատման հետ կապված իրենց պարտավորությունների մասին` դրան կցելով յուրաքանչյուր օբյեկտի բարեկարգման ենթակա տարածքի սխեման:

«Այս գործընթացը պետք է լինի շարունակական և մշտական հսկողության ներքո: Մայրաքաղաքում տնտեսական գործունեություն ծավալող յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ Երևանի ավագանու ընդունած որոշման կիրառումը պարտադիր է բոլորի համար»,- նշել է Կամո Արեյանը՝ ավելացնելով, որ հարակից տարածքների պարտադիր բարեկարգումն ապահովելու մասին նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից է գրություններ ուղարկվել պետական և հասարակական կառույցներին:

Քաղաքապետի առաջին տեղակալը նաև նշել է, որ կնախապատրաստվեն ավագանու որոշմամբ ձմռան ամիսների համար սահմանված բարեկարգման աշխատանքների մասին ծանուցումները, որոնց բաշխումը ևս կիրականացվի աշնան ընթացքում:

Մեկնաբանել