ԵԺԿ-ն դատապարտել է «Ռուսաստանի ճնշումը» Հայաստանի նկատմամբ

Սեպտեմբերի 5-ին Բրյուսելում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովի ժամանակ հրատապ բանաձևի նախագիծ է ընդունվել, որով ԵԺԿ-ն դատապարտել է Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ կիրառված ճնշումը և ափսոսանք հայտնել այդ հանգամանքներում Հայաստանի նախագահի կայացրած որոշման կապակցությամբ, որը վտանգում է Հայաստանի ձեռքբերումները Եվրամիության ուղղությամբ, հաղորդում է Azatutyun.am-ը:

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ու կրթության և գիտության նախարար, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որոնք վեհաժողովին ներկայացրել են Հանրապետական կուսակցությունը, ստիպված են եղել ԵԺԿ-ի եվրոպացի գործընկերներին բացատրել, թե ինչպես Հայաստանը տարիներ շարունակ Եվրամիության հետ բանակցելով հանկարծակի որոշեց միանալ Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը:

«Իհարկե, եվրոպական հանրության մոտ նման տեսակի հայտարարությունը չէր կարող միանշանակ ռեակցիա առաջացնել, և ռեակցիաները բավականին տարբեր են՝ սկսած այն հանգամանքից, որ Հայաստանը մեղք չունի՝ Հայաստանի վրա ճնշումներ են գործադրվել իբր թե, վերջացրած այն տեսակետով, որ այս խնդիրը միայն Հայաստանով չի սահմանափակվում, այլ ընդհանուր աշխարհքաղաքական վեճ է գնում», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Արմեն Աշոտյանը:

Հանրապետականների խոսքով` Հայաստանը, միանալով Մաքսային միությանը, առաջնորդվում է առաջին հերթին անվտանգության և էներգետիկ շահերով:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության դիրքորոշումն էլ ԵԺԿ-ի վեհաժողովում ներկայացրել է Ստյոպա Սաֆարյանը, որը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե վեհաժողովն ընդգծել է, որ եվրասիական Մաքսային միության անդամակցությունը անհամատեղելի է Ասոցացման համաձայնագրի, ներառյալ՝ Խոր և համապարփակ առևտրի գոտու համաձայնագրի կնքման հետ:

Սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարալ այստեղ: