Հայտարարություն` քաղաքացիական ակտիվիստներին ահաբեկելու մասին

Հայաստանյան մի շարք մամուլի ակումբներ, հասարակական կազմակերպություններ և անհատներ համատեղ հայտարարություն են ստորագրել «Քաղաքացիական ակտիվիստներին ահաբեկելու մասին»` նշելով, որ «ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ՀՀ իշխանությունների, մասնավորաբար` իրավապահ մարմինների վրա, և եթե հանցագործությունը շուտափույթ չբացահայտվի, հիմքեր կլինեն հայտարարելու, որ բռնարարքն ուղղակիորեն հովանավորվում է Հայաստանի իշխանությունների կողմից»:

Հայտարարությունում մասնավորապես ասված է. «2013 թվականի սեպտեմբերի 5-ի երեկոյան ժամը 22:10-22:20-ի հատվածում` Երևանի Կողբացու փողոցի բակերից մեկում, ՊԵԿ-ի շենքից մի քանի քայլ հեռավորությամբ, իր ավտոտնակի մոտ, 6-7 անհայտ անձանց կողմից դաժան ծեծի են ենթարկվել Երևանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանը և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանը: Վերջիններս ծանր մարմնական վնասվածքներով, սալջարդերով և կոտրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս երկու հասարակական ակտվիստները հրապարակային գործիչներ են և իրենց հասարակական գործունեությունն իրականացնում են օրինականության շրջանակում:

Երևանի մամուլի ակումբը և «Թրանսփարենսի օնթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն ակտիվորեն ներգրավված են ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի աշխատանքներում։ Հայկակ Արշամյանը վերջին երկու օրերին մասնակցել է ՀՀ նախագահի նստավայրի և ՀՀԿ կենտրոնակայանի առջև անցկացված հասարակական ակտիվ բողոքի ակցիաներին` ուղղված Սերժ Սարգսյանի կողմից Մոսկվայում արած այն հայտարարության դեմ, ըստ որի, Հայաստանը որոշել է միանալ մաքսային միությանը:

Մենք` ստորև ստորագրողներս, տեղի ունեցածը գնահատում ենք որպես ահաբեկչություն`ՀՀ իշխանությունների դեմ իրենց բողոքը հայտնող հասարակական կազմակերպությունների, ազատ մամուլի, հասարակական գործիչների և ակտիվ քաղաքացիների նկատմամբ, սա համարում ենք Հայաստանում տիրող անպատժելիության մթնոլորտի արդյունք, մարդու իրավունքների ոտնահարման, օրենքի ընտրովի կիրառման և քաղաքական հետապնդման ամենօրյա պրակտիկայի շարունակություն, ինչի դրսևորումներից մի քանիսին ականատես ենք եղել նաև վերջին շրջանում` Երևանի Կոմիտասի 5 հասցեի շինարարության դեմ և քաղաքապետարանի դիմաց ցուցարարների դեմ կիրառված բռնաճնշումների ժամանակ։
Հայտարարում ենք, որ տեղի ունեցած այս ահաբեկչության ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ՀՀ իշխանությունների, մասնավորաբար`ՀՀ իրավապահ մարմինների վրա: Եթե այս հանցագործությունը շուտափույթ չբացահայտվի, հիմքեր կունենանք հայտարարելու, որ այս բռնարարքն ուղղակիորեն հովանավորվում է Հայաստանի իշխանությունների կողմից: 

Քաղաքացիական հասարակությանը և բոլոր ազատ քաղաքացիներին կոչ ենք անում գոտեպնդվել, չընկրկել վարձու խուժանի և սրանց պատվիրատուների առջև, շարունակել պայքարել սեփական ազատությունների և իրավունքների համար»: 

Հայտարարության տակ ստորագրել են Լևոն Բարսեղյանը, (Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ), Բորիս Նավասարդյանը (Երևանի մամուլի ակումբ), Կարեն Չիլինգարյանը («Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ), Գևորգ Տեր-Գաբրիելյանը (Եվրասիա համագործակցություն հիմնադրամ), Նունե Սարգսյանը, (Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, նախկին «Ինտերնյուս»), Լարիսա Մինասյանը (Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան), Արթուր Պապյանը (Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ ՀԿ), Վահան Թումասյանը («Շիրակ կենտրոն» ՀԿ), Նադեժդա Հակոբյանը («Մենք Պլյուս» ՀԿ), Անահիտ Մարգարյանը («Կրթության ասպարեզ» ՀԿ), Անահիտ Գևորգյանը (Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ), Ավետիք Իշխանյանը (Հայաստանի հելսինկյան կոմիտե), Թեմիկ Խալափյանը («Տրտու» ՀԿ), Արմինե Թուխիկյանը («Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ), Սեդրակ Բաղդասարյանը («Պետական կարիքների զոհեր» ՀԿ), Հրայր Մանուկյանը (Քաղաքացիական ազգային նախաձեռնություն ՀԿ), Ռոբերտ Կադարյանը (Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ),
Media Freedom Watch-Հայաստան-ը, Կամո Առաքելյանը (Երեխաների աջակցության հիմնադրամ), Մարինե Մանուչարյանը (Քաղաքացիական ֆորում ՀԿ), Ռիչարդ Գիրագոսյանը (Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն հիմնադրամ), Աշոտ Մելիքյանը (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե), Անանիա Մաղաքյանը («Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» ՀԿ), Սարգիս Սեդրակյանը («Ֆերմերային շարժում» ՀԿ), Արթուր Սաքունցը (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ), Հայկուհի Հարությունյանը (Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ), Միրա Անտոնյանը («Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա): Հայտարարությունը բաց է բոլոր միացողների համար։