ԵՄ-ն Հայաստանի հետ չի պատրաստվում ստորագրել Ասոցացման համաձայնագիրը

Եվրամիությունը չի պատրաստվում Հայաստանի հետ նախաստորագրել ո´չ Ասոցացման, ո´չ էլ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը. այս մասին սեպտեմբերի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Պիթեր Ստանոն:

Նա պարզաբանել է, որ այդ փաստաթղթերը համատեղելի չեն Մաքսային միությանը անդամակցության հետ, ինչը պատրաստվում է անել Հայաստանը:

Երկու օր առաջ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե քանի որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը թույլ չի տալիս Եվրամիության հետ ստորագրել ազատ առևտրի պայմանագիր, Հայաստանը պատրաստ է ստորագրել միայն Ասոցացման համաձայնագիրը:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 5-ին Բրյուսելում հանդիպել է Շտեֆան Ֆյուլեի հետ:

2013թ. հուլիսի վերջին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ու Շտեֆան Ֆյուլեն պաշտոնապես հայտարարեցին Եվրամիության և Հայաստանի միջև կնքվելիք Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը: Նոյեմբերին ակնկալվում էր համաձայնագրի նախաստորագրումը:

Սեպտեմբերի 3-ին սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը: