Պետք է կարողանանք Մաքսային միության հետ կապված նոր գործընթացն առաջ տանել. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 6-ին այցելել է արդարադատության նախարարություն, ծանոթացել աշխատանքային պայմաններին և նիստերի դահլիճում հանդիպում ունեցել նախարարության շուրջ երեք հարյուր աշխատակիցների հետ:

Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, արդարադատության նախարարը և նրա տեղակալները զեկուցել են 2010-2013 թթ. իրականացված բարեփոխումների, արձանագրված առաջընթացի, զարգացումների, առկա խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին:

Նախագահը հարցեր է ուղղել զեկույցների հեղինակներին, ապա պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բոլոր հարցերին: Նախարարությունում աշխատանքային պայմանների բարելավման, աշխատակիցների սոցիալական խնդիրների լուծման վերաբերյալ հարցադրումներին ի պատասխան` Սերժ Սարգսյանը նշել է, որ հասկանալիորեն արդարադատության նախարարությունում աշխատում են լավ իրավաբաններ, որոնք կարող են նաև հեշտությամբ աշխատանք գտնել մասնավոր հատվածում: Ընդգծելով, որ արդեն բավականին մանրամասն խոսել է 2014թ. հունվարի 1-ից սկսած բյուջետային աշխատավարձերի անընդհատ ավելացման պետական քաղաքականության մասին, նախագահը շեշտել է, որ երեք տարվա կտրվածքով բավականին էական ավելացումների մասին է խոսքը: Նա վստահություն է հայտնել, որ այս քաղաքականությամբ, ինչպես նաև պետծառայողների սոցիալական խնդիրների լուծմանը միտված մյուս բոլոր ծրագրերի փաթեթով, արդարադատության նախարարության համակարգում աշխատանքը շատ արագ մրցունակ է դառնալու մասնավոր հատվածի համեմատ:

Հանդիպման ավարտին նախագահը կոչ է արել բոլորին ավելի ակտիվ աշխատել: «Մենք մտել ենք մի փուլ, երբ պետք է, իրոք, մեր ջանքերն ավելացնենք: Մի կողմից պետք է բարեփոխումները շարունակենք՝ հասցնենք տրամաբանական ավարտին, մյուս կողմից էլ պետք է կարողանանք նոր գործընթացը, որն սկսել ենք կապված Մաքսային միության հետ, առաջ տանել. մենք հսկայական աշխատանք ունենք կատարելու՝ մինչև 50 լուրջ փաստաթղթեր պետք է տանենք Ազգային ժողով: Իսկ այդ փաստաթղթերի պատրաստման հիմնական բեռը և բազմաթիվ այլ խնդիրներ ձեզ վրա է լինելու: Այսինքն՝ մենք հիմա պետք է մեր աշխատաժամանակն էլ երկարացնենք, աշխատանքի արդյունավետությունն էլ բարձրացնենք»,- ասել է նախագահը` պատրաստակամություն հայտնելով մշտապես լսել նախարարությունում աշխատանքի արդյունավետության բարձրացման հետ կապված նրանց բոլոր առաջարկությունները, նորամուծություններն ու գաղափարները:

Մեկնաբանել