Ամասիայում շահագործման է հանձնվել արվեստի դպրոցի շենքը

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը սեպտեմբերի 6-ին Շիրակի մարզի Ամասիա համայնքում ներկա է գտնվել արվեստի դպրոցի հիմնանորոգված շենքի բացման արարողությանը, որին մասնակցել են նաև Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, այլ հյուրեր:

Ինչպես հաղորդում են տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից, համայնքում գտնվող նախկին կիսակառույց շենքը հիմնանորոգվել է «Յուքոմ» ընկերության միջոցներով և Ամասիայի վերականգնման հիմնադրամի աջակցությամբ, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 130 մլն դրամ: Շենքում կգործի ինչպես երաժշտական դպրոցը, այնպես էլ արվեստի տարբեր խմբակներ: Կրթօջախն ապահովվել է նաև անհրաժեշտ գույքով:

Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել, որ պետական-մասնավոր համագործակցությամբ համայնքային նշանակության կարևոր ծրագրեր են իրականացվում և հույս հայտնել, որ այդ միտումները կպահպանվեն:

Արմեն Գևորգյանը մարզպետի և համայնքապետի ուղեկցությամբ շրջայց է կատարել նորոգված շենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին, ինչպես նաև այցելել համայնքի մանկապարտեզի շենք, որը հիմնանորոգվել է Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի ծրագրով և արդեն մեկ տարուց ավելի գործում է:

Համայնքապետը փոխվարչապետին տեղեկություններ է ներկայացրել նախատեսվող ծրագրերի մասին: Փոխվարչապետը խորհրդակցություն է անցկացրել նաև Ամասիայի վերականգնման հիմնադրամում: Քննարկվել են իրականացվող ծրագրերի, ինչպես նաև գյուղացիական կոոպերատիվների ստեղծման և անհրաժեշտ աջակցության ցուցաբերման հետ կապված հարցեր: