Դժվար է պատկերացնել Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Հայաստանի հետ. Ֆյուլե

Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում զետեղվել է Եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման հաղորդագրությունը: Ըստ հաղորդագրության՝ Շտեֆան Ֆյուլեն հանդիպումից հետո ասել է.

«Մենք շարունակում ենք նոր իրավիճակի գնահատումը, այդ թվում՝ մեր գործընկերների հետ շարունակվող խորհրդակցությունները և գտնվում ենք մեր անդամ երկրներին տեղեկացնելու և նրանց հետո խորհրդակցելու գործընթացում: Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու ընտրության լույսի ներքո, սակայն, դժվար է պատկերացնել նոյեմբերին Վիլնյուսի գագաթաժողովին Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը Հայաստանի հետ, ինչպես այն բանակցվել էր: Հիմնվելով այն տեղեկատվության վրա, որ մենք այժմ ունենք, Մաքսային միությանն անդամակցելու պարտավորությունները Ասոցացման համաձայնագրի և Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի պարտավորությունները անհամատեղելի են երևում:

Մենք մտադիր ենք հարգել մեր գործընկերների՝ սեփական ինտեգրացիոն կամ համագործակցության շրջանակներն ընտրելու ինքնիշխան իրավունքը և համոզված ենք, որ բոլորի շահերից է բխում Հայաստանի հետ ամրապնդելու այն ամենը, ինչին մենք միասին հասել էինք անցյալ տարիների գործընկերությամբ»:

Հայաստանը վերջին չորս տարիներին բանակցում էր Եվրոպական Միության հետ և նոյեմբերին արդեն պատրաստվում էր ԵՄ Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովում ԵՄ-ի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը և Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագիրը: Սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո անսպասելիորեն հայտարարեց Հայաստանի՝ Ռուսաստանի ղեկավարած Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին: Սա փաստացի նշանակում է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ համաձայնագրերի ստորագրումը հնարավոր չէ:

ՀՀ արտգործնախարարության կայքում զետեղված այս հանդիպման հաղորդագրությունում բացակայում են Ֆյուլեի գնահատականները:

Մեկնաբանել