Ինչ էր ասում Սերժ Սարգսյանը մարտին

Հատված Սերժ Սարգսյանի խոսքից՝ 2013թ. մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը:

Արտյոմ Երկանյան, Շանթ հ/ը – Պարո՛ն Նախագահ, ՀՀ նախագահի թեկնածուներից ոչ մեկը կասկածի տակ չի դրել Հայաստանի եվրաինտեգրացման, ինչպես նաև Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները զարգացնելը: Գոնե այս հարցում որոշակի կոնսենսուս կա: Ձեր առաջին այցերը ընտրվելուց հետո եղան, ինչպես և սպասվում էր, Մոսկվա և Բրյուսել: Ենթադրում եմ՝ Բրյուսելում քննարկել եք Հայաստանի՝ Եվրամիության ասոցացված անդամ դառնալու հեռանկարը և Մոսկվայում, իհարկե, նաև Եվրասիական միությանը և Մաքսային միությանը միանալու հնարավոր հարցերը: Կուզենայի Ձեր շուրթերից լսել, արդյո՞ք այստեղ համատեղելի են այս երկու գործընթացները, և արդյո՞ք կարող ենք հուսալ, որ դեկտեմբերին Հայաստանը կդառնա Եվրամիության ասոցացված անդամ:

Սերժ Սարգսյան – Նախ, ես պետք է կրկնեմ, որ իմ առաջին արտասահմանյան այցելությունը եղավ Մոսկվա, որն օրինաչափ է: Օրինաչափ է, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական գործընկերն է, մեր դաշնակիցը, իսկ դա նշանակում է, որ մենք շաղկապված ենք ինչպես ռազմական անվտանգության, այնպես էլ տնտեսական անվտանգության խնդիրներով: Եվ պատահական չի, որ Ռուսաստանի Դաշնության հետ մեր առևտրաշրջանառությունն ամենամեծն է: Այսինքն, մեր տնտեսությունները շատ սերտորեն փոխկապակցված են: Եվ նոր ընտրությունները ոչ մի բանի ավարտ չեն հայտարարում: Այսինքն, ընտրություններով ոչինչ չի վերջանում: Ընտրություններով նոր-նոր սկսվում է աշխատանքը: Եվ մենք պետք է հասկանանք, թե ինչ ակնկալիքներ ունենք մեր գործընկերներից: Հարցը վերաբերում է և՛ գազին, և՛ նոր միջոցներին, Նաիրիտին, հարցը բազմաթիվ ենթահարցեր ունի: Իհարկե, հարցը վերաբերում է նաև քաղաքական ինտեգրացմանը, վերաբերում է և՛ ՀԱՊԿ-ին, և՛ Մաքսային միությանը, վերաբերում է շատ կարևորագույն խնդրի՝ աբխազական երկաթուղու գործարկմանը: Այսինքն, հայ-ռուսական համագործակցության օրակարգն այնքան հարուստ է, որ մեկ այցելությամբ, նույնիսկ տևական զրույցով հնարավոր չի քննարկել հարցերի նույնիսկ մի չնչին մասը, նույնիսկ այն հարցերի, որ արժեր քննարկել նախագահական մակարդակով: Այնպես որ՝ բոլոր հարցերն էլ շատ թե քիչ շոշափել ենք, բայց որը՝ խորությամբ, որն էլ՝ մակերեսորեն: Մի բան ձեզ պետք է ասեմ՝ մի հավատացեք բոլոր այն մարդկանց, հանդես գան նրանք լրատվամիջոցներում, թե հանրահավաքներում, խոհանոցներում, թե թատրոններում, միևնույն է, մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա այդպիսի բան: Որքա՞ն կարելի է կրկնել: Մենք հակառակը կարող ենք ասել՝ Մաքսային միության անդամները դեռևս ցանկություն չունեն որևէ մեկին ներգրավելու, գոնե մեր մասով ես չեմ տեսել այդպիսի ցանկություն: Ես չեմ կարող չէ՞, հենց այնպես խոսել, որովհետև ես իմ մտածածների մասին չեմ ասում, ես ասում եմ բանակցությունների մասին, ասում եմ իրականության մասին: Այլ խնդիր են ինտեգրացիոն պրոցեսները: Իսկ ինչպե՞ս մենք կարող ենք չշարունակել ինտեգրացիոն գործընթացները: Ինչպե՞ս մենք կարող ենք մեր ռազմական անվտանգության խնդիրները կապել ՀԱՊԿ-ի հետ, կապել Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ տնտեսական կամ քաղաքական մեր հետագա ճակատագիրը կապել մեկ այլ երկրի կամ մեկ այլ միության հետ՝ ի հաշիվ մյուսի: Իհարկե, ոչ: Ես սա ասացի, որպեսզի ընդգծեմ, որ մենք շարունակելու ենք այդ ինտեգրացիոն պրոցեսները նաև եվրոպական կառույցների հետ: Եվ Բրյուսել այցելության նպատակը հենց դա էր….

Մեկնաբանել