Դրամը կրկին որոշել է արժեզրկվել

Դրամն աշունը սկսեց արժեզրկումով. սեպտեմբերի առաջին շաբաթում դոլարի նկատմամբ արժեզրկվեց 6 տոկոսային կետով: Ներբանկային շուկայում առքի միջին փոխարժեքը սեպտեմբերի 6-ին կազմել է $1/Դ410,52, իսկ վաճառքինը՝ $1/Դ413,9։ Արտարժութային շուկայում փոխարժեքի վարքից երևում է, որ դրամի կտրուկ արժեզրկումը 3 կետով տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին՝ Մաքսային միությանը միանալու որոշման հայտարարության հաջորդ օրը:

Եթե սեպտեմբերի առաջին շաբաթում դրամի արժեզրկումը կարելի է պայմանավորել սեզոնային գործոնով, ապա սեպտեմբերի 4-ի կտրուկ տատանումը կրել է կարճաժամկետ բնույթ և առավելապես պայմանավորված էր անորոշություններով։ Դրա մասին թերևս վկայում է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում իրականացված գործարքների ծավալը։ Այսպես, եթե սեպտեմբերի 3-ին և 4-ին բորսայում իրականացվել էր համապատասխանաբար $200 հազ. և $100 հազ. գործարք, ապա սեպտեմբերի 5-ին գործարքների թիվն արդեն կազմել է $4,85 մլն, իսկ սեպտեմբերի 6-ին գործարք չի եղել։ Գործարքների ծավալի աճը ցույց է տալիս, որ նախորդ օրերին շուկայի մասնակիցների մոտ եղել են սպասողական տրամադրություններ։

Դեևս դժվար է միանշանակ պնդել, որ դրամի արժեզրկումը և սեպտեմբերի 5-ին դոլարի կտրուկ աճը պայմանավորված են Մաքսային միությանը  միանալու մասին հայտարարությամբ, սակայն այս տարվա սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում փոխարժեքի վարքագիծը տարբերվում է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի վարքագծից։ 2012թ. սեպտեմբերի 1-6 ժամանակահատվածում դրամն արժեզրկվել էր 4 կետով, սեպտեմբերի 6-ին միջին փոփարժեքը կազմում էր $1/Դ411,8, իսկ 2011թ. նույն ժամանակահատվածում՝ 2 տոկոսային կետով. միջին փոխարժեքը սեպտեմբերի 6-ին կազմել էր $1/Դ369,77։

Ինչ վերաբերում է ամռան ամիսներին դրամի 10 կետով կամ 2,4%-ով արժեորմանը, ապա այն ամբողջովին կրել է սեզոնային բնույթ, և եթե չլիներ ԿԲ-ի միջամտությունը, դրամը կարող էր ավելի ամրապնդվել։ Բայց ի տարբերություն անցած տարվա հունիս-օգոստոսի, այս տարվա նույն ժամանակահատվածում դրամի արժևորման տեմպը ավելի արագացել էր, ինչը ամբողջովին պայմանավորված է դոլարի առաջարկի աճով։ Այս ժամանակահատվածում միայն մասնավոր տրանսֆերտների ծավալն աճել է 10%-ով՝ գերազանցելով $1,1 մլրդ-ը, մյուս կողմից 9,4%-ով աճել են արտահանման ծավալները՝ կազմելով $825 մլն: Զբոսաշրջիկների թիվն առաջին կիսամյակում ավելացել է 14,3%-ով՝ կազմելով 321 հազ. (Հայաստանում մեկ զբոսաշրջիկը միջինը ծախսում է $1000)։ Դոլարի առաջարկի աճը անխուսափելիորեն պետք է բերեր դրամի ամրապնդման, քանի որ Հայաստանում իրականացվում է լողացող փոխարժեքի քաղաքականություն։ Դրամի փոխարժեքի կտրուկ տատանումները կանխելու նպատակով Կենտրոնական բանկն ամռան ամիսներին շուկայից ձեռք է բերել $55 մլն, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,5 անգամ։