«Թրանսփարենսին» պահանջում է արագ բացահայտել ակտիվիստներին ծեծողներին

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» հայտարարություն է տարածել, որում կոչ է անում հնարավորինս արագ բացահայտել սեպտեմբերի 5-ին քաղաքացիական ակտիվիստներ Հայկակ Արշամյանին և Սուրեն Սաղաթելյանին ծեծի ենթարկելու գործը:

Հայտարարությունում մասնավորապես ասված է. «2013թ. սեպտեմբերի 5-ի երեկոյան` 22:10-ի սահմաններում, 6-7 անհայտ անձանց կողմից Երևանում դաժան ծեծի են ենթարկվել «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն հասարակական շարժման հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանը և կազմակերպության անդամ Հայկակ Արշամյանը: Հանցագործությունը տեղի է ունեցել Հ. Արշամյանի տան մոտ՝ քաղաքի կենտրոնում գտնվող փողոցներից մեկի բակում: Երկու մեր գործընկերներն էլ ստացել են ծանր մարմնական վնասվածքներ, մասնավորապես, Հայկակի մոտ եղել են պատռվածքներ քթի մոտ և բերանի խոռոչում, իսկ Սուրենի մոտ՝ գլխի խոր վնասվածք, ինչպես նաև քթի և մատների կոտրվածքներ:

Կազմակերպության երկու անդամներն էլ, չհարելով որևէ քաղաքական կուսակցության, երկար տարիներ հանդիսանում են հասարակական ակտիվիստներ և իրենց հասարակական գործունեության ընթացքում երբեք դուրս չեն եկել օրինականության շրջանակներից: 

Դժբախտաբար, այս բռնարարքը վերջին մի քանի շաբաթների ընթացքում իշխանությունների մի շարք քայլերի և որոշումների դեմ բողոքող քաղաքացիական ակտիվիստների դեմ կատարված նմանատիպ ոչ առաջին բռնարարքն է, որը հիմք է տալիս ենթադրելու, որ իրականացվում են բավականին համակարգված գործողություններ, որոնց նպատակն է կասեցնել անարդարությունների և ապօրինությունների դեմ թափ հավաքող բողոքի շարժումները: Այս բռնարարքը կարող է դիտվել նաև որպես անուղղակի նախազգուշացում մեզ և մեր գործընկեր այլ հասարակական կազմակերպություններին՝ զերծ մնալ իշխանությունների կողմից տարբեր ոլորտներում տարվող քաղաքականության քննադատությունից:

Այս և նմանատիպ մյուս բռնարարքները գնահատելով որպես ահաբեկչություն հասարակական ակտիվիստների նկատմամբ՝ հայտարարում ենք, որ եթե հնարավորինս արագ չբացահայտվեն և չպատժվեն իրականացնողները, դրանք կարող են կրկնվել ապագայում, և ըստ այդմ՝ հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է գործող վարչակարգի վրա»: