Ռուսաստանը կօգնի Սիրիային վերջինիս վրա ռազմական հարձակման դեպքում. Վ. Պուտին

Ռուսաստանը շարունակելու է օգնել Սիրիային ինչպես զենք մատակարարելով, այնպես էլ տնտեսական ոլորտում համագործակցության միջոցով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում Մեծ քսանյակի (G20) գագաթաժողովի եզրափակիչ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է BBC-ն :

«Շարունակելու՞ ենք արդյոք  օգնել Սիրիային: Այո, ինչպես դա անում ենք ներկայում: Մենք նրան զենք ենք մատակարարում, համագործակցում ենք տնտեսական ոլորտում: Հուսով եմ` ավելի շատ կլինի նաև մարդասիրական օգնությունը այն մարդկանց, որոնք այսօր դժվար իրավիճակում են հայտնվել», – ասել է Պուտինը` պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը կօգնի Սիրիային վերջինիս վրա ռազմական հարձակման դեպքում:

Պուտինը նաև նշել է, որ սեպտեմբերի 6-ին իրեն հաջողվել է սիրիական հարցը քննարկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Պուտինի խոսքով` հանդիպումը տևել է 20-30 րոպե: ՌԴ նախագահը պատմել է, որ ինքն ու ամերիկացի իր գործընկերը չեն փոխել իրենց կարծիքները, այդուհանդերձ` ամեն մեկը լսել է մյուսի փաստարկները:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է փոխել Սիրիայում իրավիճակի իր գնահատականն այն բանից հետո, երբ պատրաստ լինի Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբեյալ ՄԱԿ-ի տեսուչների զեկույցը:

Սեպտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում ավարտվել է Մեծ քսանյակի (G20)  գագաթաժողովը, որի մասնակիցներն անցկացրել են լարված աշխատանքի և միջազգային օրակարգի հիմնական խնդիրների վերաբերյալ քննարկումների երկու օր: