Մահացել է «Հիտլերի վերջին թիկնապահը»

Բեռլինում 96 տարեկանում մահացել է Ռոխուս Միշը` Ադոլֆ Հիտլերի բունկերում եղած և նրա մարմինը տեսած սակավաթիվ մարդկանցից մեկը, հաղորդում է BBC-ն` հղում անելով գերմանական լրատվամիջոցներին:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Միշը եղել է Հիտլերի թիկնապահների կազմում: Որպես կամավոր` համալրել է Վաֆեն ՍՍ-ի կազմը պատերազմից երկու տարի առաջ, մասնակցել է Գերմանիային Ավստրիայի միավորմանը: 1945թ. գերեվարվել է խորհրդային զորքերի կողմից:

Իր բազմաթիվ հարցազրույցներում Միշը Հիտլերին անվանել է «շեֆ», ինչպես դա ընդունված էր շտաբ-կայանի ծառայողների շրջանում : Ընդ որում` Ռոխուս Միշը մշտապես զարմացրել է լրագրողներին բռնապետի հանդեպ իր դրական վերաբերմունքով:

Միշն այն քչերից էր, ովքեր գտնվել են ֆյուրերի բունկերում 1945թ. ապրիլի 30-ին և տեսել են Հիտլերին նրա կյանքի վերջին ժամերին:

90 տարեկանում Միշը հրատարակել է «Վերջին վկան» կենսագրական գիրքը, որը միանգամից դարձել է բեսթսելեր: