Մենք այսօր խաղացինք մեր հնարավորությունների առավելագույն չափով. Վ. Մինասյան

Մենք այսօր խաղացինք մեր հնարավորությունների առավելագույն չափով, թեև դա շատ դժվար է, երբ 3 հարկադրված փոփոխություն ես կատարում, ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Պրահայում կայացած մամուլի ասուլիսին` Չեխիա-Հայաստան խաղում երկրորդ անընդմեջ արտագնա հաղթանակը տանելուց հետո, հաղորդում է armsport.am կայքը:

Հարցին, թե արդյոք կարծու՞մ է, որ Հայաստանի հավաքականը զրկել է չեխերին Բրազիլիա մեկնելու հնարավորությունից, Մինասյանը պատասխանել է, որ իրենք մտածում էին հաղթանակի, այլ ոչ թե չեխերին խանգարելու մասին. նրանք էլ մեր հավաքականից Երևանում 3 միավոր էին վերցրել:

Մինասյանի խոսքով` Հայաստանի հավաքականն այսօր խաղաց իր հնարավորությունների առավելագույն չափով, թեև դա շատ դժվար է, երբ 3 հարկադրված փոփոխություն ես կատարում:

«Արազն ու Կամոն իրենք խնդրեցին փոխարինում, բայց թվում է, որ լուրջ չէ: Բերեզովսկու դեպքում, ավելի լուրջ է, նա ծնկի վնասվածք ունի», – ասել է Մինասյանը:

Համեմատելով Չեխիայի և Դանիայի ընտրանիների հետ մեր արտագնա խաղերը` ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ասել է, որ երկու դեպքում էլ ուրախալի է, որ հաղթել են, սակայն Չեխիայի դեպքում դա մեծ կորուստներով է եղել: Վնասվածքներից բացի` Յուրա Մովսիսյանն ու Ռոբերտ Արզումանյանն են որակազրկվել:

«Մենք հեռուն չենք նայում: Այսօր մեր միակ ցանկությունը Դանիայի հետ խաղին պատրաստվելն է», – ասել է Մինասյանը` անդրադառնալով այն հարցին, թե ով է ավելի մոտ հաջորդ փուլի ուղեգիր նվաճելուն` Իտալիան, Բուլղարիան, Հայաստանը, թե՞ Դանիան:


Մեկնաբանել