«Հանրապետություն» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադառնում է Հայաստանի` Մաքսային միությանը անդամակցելու որոշմանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
««Հանրապետություն» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության` Մաքսային միության անդամակցության և այդ քայլով գործնականում եվրաինտեգրման իր հայտարարած կուրսից հրաժարվելու կապակցությամբ, արձանագրում է
1.Մաքսային միությանն անդամակցելու որոշումը հետևանք է Հայաստանում գործող իշխանությունների համակարգային փոփոխություններից խուսափելու ձգտման, այլ ոչ թե` արտաքին ճնշումների:
2.Լեռնային Ղարաբաղի հարցը մեր հաղթանակների խորհրդանիշն է, և հնարածին ու անթույլատրելի է այն ներկայացնել` որպես ներկայիս դժվարությունների և բացթողումների պատճառ:
3.Եվրասիական Միությանը և Մաքսային Միությանն անդամագրումը վտանգում է Հայաստանի Հանրապետության անկախությունը և նրա` որպես ինքնիշխան պետության գոյությունը:
Ելնելով այս ամենից, «Հանրապետություն» կուսակցությունը, նպատակ ունենալով համակարգային փոփոխությունների, ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության միջոցով Հայաստանի Հանրապետությունը տանել եվրաինտեգրման խորացման ուղությամբ՝ հայտարարում է շահագրգիրռ բոլոր քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, հասարակական և քաղաքական գործիչների հետքննարկումների գործընթաց սկսելու մասին»: