Սիրիայում զինված խմբավորումները սպառնում են ՄԱԿ-ի մարդասիրական անձնակազմին. 11 աշխատակից զոհվել է

Սիրիայում զինված խմբավորումները բացահայտ սպառնում են համաշխարհային կազմակերպության աշխատակիցներին, ովքեր օգնություն են ցուցաբերում բնակչությանը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Վալերի Ամոսը, հաղորդում է Reuters-ը:
«Վերջին մի քանի շաբաթներին և ամիսներին մենք բախվել ենք տարբեր աղբյուրների կողմից մարդասիրական հարցերով աշխատակիցների հասցեին սպառնալիքների: Ինչպես գիտեք, սպանվել են Կարմիր մահիկի սիրիական հասարակության մի շարք կամավորներ: Բացի այդ՝ սպանվել են նաև ՄԱԿ-ի աշխատակիցներ: Եղել են նաև մեր անձնակազմի անդամների առևանգման դեպքեր»,- ասել է Ամոսը:

Ամոսը նշել է, որ Սիրիայում զոհված ՄԱԿ-ի աշխատակիցների թիվը հասնում է 11-ի: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի մարդասիրական անձնակազմի անդամները սպառնալիքներ են ստացել տարբեր խմբավորումների կողմից: Սպառնալիքների մի մասը հրապարակվել են սոցցանցերում:

«Մենք ամենայն լրջությամբ ենք վերաբերվում բոլոր սպառնալիքներին»,- ասել է գլխավոր քարտուղարի տեղակալը: