Տոկիոն՝ «Օլիմպիադա 2020»-ի մայրաքաղաք

Միջազգային օլիմպիական կոմիտեի քվեարկության արդյունքում, 2020թ. ամառային Օլիմպիական խաղերի անցկացման իրավունքը ստացավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն:

Ինչպես հաղորդում է BBC-ն, «Օլիմպիադա 2020»-ի մայրաքաղաք կոչման համար պայքարել են նաև Ստամբուլը և Մադրիդը: Քվեարկության առաջին փուլում Մադրիդը ամենաքիչ ձայներն է հավաքել և դուրս մնացել մրցավազքից:

Ստամբուլը 5-րդ անգամ էր փորձում դառնալ օլիմպիական խաղերի տանտեր: Մադրիդն այդ իրավունքի համար պայքարում էր երրորդ, Տոկիոն՝ երկրորդ անգամ: Այս քաղաքներից միայն Տոկիոն է եղել օլիմպիական մայրաքաղաք՝ 1964թ.:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պնդել է, որ Տոկիոն խաղերի անցկացման համար անվտանգ վայր է, սակայն կազմակերպիչներին անհանգստացրել է Ճապոնիայի մայրաքաղաքի՝ վթարված «Ֆուկուսիմա» ատոմակայանին մոտ գտնվելը, որտեղ վերջերս ռադիոակտիվ ջրի արտահոսք է եղել: