Վարչապետը եվրոպացի փորձագետների հետ քննարկել է բուհերի հավատարմագրման ծրագրերի ընթացքը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում արտաքին գնահատում իրականացնելու նպատակով Հայաստան այցելած Որակի ապահովման եվրոպացի փորձագետների խմբի պատվիրակությանը: Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանում բուհերի հավատարմագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքն ու ծրագրերը: «Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման ինստիտուտի, ինչպես նաև բուհերում կրթության բարձրակարգ ստանդարտների ներդրումը: Այդ առումով, արդեն իսկ իրականացրել ենք մեծածավալ աշխատանքներ»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի  կարևորագույն նպատակներից մեկն է ստեղծված հավատարմագրման հանձնաժողովի աշխատանքի անկախության ապահովումը:

Այնուհետև, փորձագետների խնդրանքով ներկայացվել են բարձրագույն կրթության բնագավառում մեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու դրանց ուղղությունները:

Փորձագետներն իրենց աջակցությունն են հայտնել բուհերի հավատարմագրման աշխատանքների իրականացմանը և ողջունել Հայաստանի կառավարության նման քաղաքականությունը: