ԱՄՆ հատուկ ծառայությունները տեղեկություններ են հավաքում սմարթֆոնների միջոցով. Spiegel

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը(ANS), որին Կենտրոնական հետախուզական վարչության(ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը մեղադրել է ամբողջ աշխարհում համացանցի օգտատերերին հետևելու համար, ակտիվորեն տեղեկություններ է հավաքում նաև սմարթֆոնների օգնությամբ, գրում է գերմանական Spiegel պարբերականը։

Ըստ Spiegel-ի՝ հնարավոր է հետևել ցանկացած տեսակի սմարթֆոն՝ iPhone, BlackBerry և Android օպերացիոն համակարգով աշխատող սարքավորում ունեցող անձանց։ ANS-ը կարող է ստուգել հեռախոսահամարները, կարճ հաղորդագրությունները, լուսանկարները, օգտատիրոջ գտնվելու վայրը։ 

Պարբերականի տվյալների համաձայն՝ հետախուզության ծառայությունում ստեղծվել են առանձին խմբեր՝ սմարթֆոնների յուրաքանչյուր օպերացիոն համակարգում թույլ տեղը գտնելու և ուսումնասիրելու համար։

Մատչումից 100%-ով ապահովագրված չէ նաև BlackBerry սմարթֆոնը, որը համարվում է ամենապաշտպանվածը:

Հիշեցնենք, որ Էդվարդ Սնոուդենը միջազգային ճանաչվածություն ստացավ ամերիկյան հատուկ ծառայությունների մասին գաղտնի տեղեկությունների հրապարակումից հետո։ ԱՄՆ-ը հետախուզում է հայտարարել նրա նկատմամբ և ձգտում է հասնել նրա արտահանձնմանը։ Հայրենիքում Սնոուդենին մեղադրում են լրտեսության մեջ։ Օգոստոսի 1-ին ԿՀՎ նախկին աշխատակիցը Ռուսաստանի տարածքում մեկ տարի ժամկետով ժամանակավոր ապաստան ստանալու մասին հավաստագիր ստացավ։