Լենինը կենդանության նշաններ է ցույց տալիս

Մինչև սեպտեմբերի 3-ը Սերժ Սարգսյանը կարող էր ասել, որ անձամբ ոչինչ չի արել, որպեսզի երկրից մարդիկ արտագաղթեն: Կարող էր ասել, որ յուրաքանչյուրն արտագաղթում է սեփական պատճառներով, ինքը՝ փաս:

Մինչև սեպտեմբերի 3-ը Սերժ Սարգսյանը կարող էր ասել, որ անձամբ ոչինչ չի արել, որպեսզի երկրից մարդիկ արտագաղթեն: Կարող էր ասել, որ յուրաքանչյուրն արտագաղթում է սեփական պատճառներով, ինքը՝ փաս: Մեկն արտագաղթում է, որովհետև վատ է ապրում, մյուսն արտագաղթում է, որովհետև ուզում է ավելի լավ ապրել, երրորդն արտագաղթում է, որովհետև հարևանից պրծում չունի, չորրորդը կնոջից է փախչում, հինգերորդը՝ պարտքերից: Այս ամենը նա կարող էր ասել մինչև սեպտեմբերի 3-ը: Այդ օրվանից սակայն նա կապեց իր լեզուն:

Անձամբ ես չեմ ուզում ապրել Մաքսային միության մաս կազմող երկրում: Ես ռուսների զահլեն չունեմ, չեմ ուզում հաշվետու լինել նրանց: Տեսնում եմ, թե ինչպես են վարվում ուրիշների հետ, տեսնում եմ, թե ինչպես են վարվում մեզ հետ գազի և այլ ապրանքների գներ թելադրելիս: Ես Պուտինի հետ ընդհանուր ճամփա չունեմ: Իսկ այդ մարդը Ռուսաստանի համար «մնայուն արժեք» է, քանի դեռ չի զառամել ու հեռացել: Ես չեմ ասում, թե հեռանալու եմ Հայաստանից, բայց հասկանալու եմ հեռացողներին ընդմիշտ: Ընդ որում հասկանալու եմ նաև նրանց, ովքեր Ռուսաստան են հեռանում: Որովհետև հեռանում են բոլորը, չէին հեռանում նրանք, ովքեր Հայաստանը դեռ տեսականորեն Ռուսաստանի ազդեցությունից դուրս էին համարում: Նրանք կարծում էին, թե Սերժ Սարգսյանին հեռացնելով՝ հնարավոր կլինի ազատվել այս երկրում Ռուսաստանի միահեծանությունից: Հիմա արդեն այդ վստահությունը չկա: Ռուսաստանը մտնում է Հայաստանի արյան մեջ:

Առանց ԽՍՀՄ-ի Հայաստանը դիմացավ 22 տարի: Հեռանալու են արդեն հակառուսները, որովհետև Սերժ Սարգսյանն անցողիկ է, իսկ Մաքսային միությունը՝ մնայուն: Մինչև սեպտեմբերի 3-ը սա արդարության պատրանքների երկիր էր, երբ թվում էր, թե արտագաղթելու փոխարեն քաղաքացին կարող է մնալ և կռիվ տալ քաղաքացի լինելու համար: Մենք, ի վերջո, այսօր արդեն ունենք այդ պատրանքների երևութականացումը քաղաքացիական որոշ շարժումների տեսքով. Դիցուք՝ Մաշտոցի պողոտան, դիցուք՝ «Չենք վճարելու 150 դրամ» շարժումը: Ես իմ տեսակետներն ունեմ այս շարժումներում իշխանությունների մասնակցության մասին, այն առումով, որ իշխանությունն ինքն էլ կարիք ունի, որ քաղաքացին փոքրիկ հաղթանակներ տանի աննշան հարցերում: Փաստն այն է, որ սրանք արտագաղթողին կամ հայ ստրկամիտին ցույց էին տալիս, թե կարելի է պայքարելով հասնել արդյունքի:

Ես Մաքսային միության դեմ ոչինչ չունեմ: Հասկանալի է, որ փոքր երկիր ենք, իշխանություններն էլ չափազանց թույլ լեգիտիմություն ունեն որևէ ինքնուրույն որոշման համար, սակայն որևէ լավ բան չի սպասվում մի երկրի, որի պետականությունը գոյության որևէ ռեսուրս չունի: Բայց ինչո՞ւ քաղաքացին պետք է մխիթարվի իշխանության լեգիտիմության բացակայությամբ: Ինչքա՞ն ավելի ճիշտ կլիներ, եթե հասարակությունն իշխանությանը քարտ բլանշ տված լիներ միանալու թեկուզ Զիմբաբվե-Մոզամբիկ-Անգոլա-Կոնգո դաշինքին:

Եվ, ընդհանրապես, ի՞նչ ապագա ունի պետականությունը, որտեղ այսուհետև հասկանալի չէ եվրոպական և ԱՄՆ դեսպանատների գործունեությունը, քանզի հեղաշրջումից և մշակութային միջոցառումներից բացի ուրիշ ի՞նչ խնդիրներ պետք է լուծեն նրանք մի երկրում, որտեղ Լենինն արդեն քաղաքական կենսունակության նշաններ է ցույց տալիս: Նա էր, չէ՞, ասել՝ մի քայլ առաջ, երկու քայլ հետ: Իսկ անկախությունից հետո այս ամբողջ 22 տարվա մեջ ո՞րն է մեր արած մեկ քայլ առաջը, եթե հաշվի առնենք, որ անկախությունից հրաժարվելն ու Ռուսաստան վերադառնալը երկու քայլ ետն է:

(Լուսանկարը՝ Պանարմենիանի)

Մեկնաբանել