Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան

Սեպտեմբերի 9-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը Չինաստանի վարչապետ Լի Կեցիանի հետ: Պատվիրակությունը կմասնակցի Համաշխարհային տնտեսական ֆորումին: Նախատեսված է նաև երկկողմ փաստաթղթերի ստորագրում, մասնավորապես, պայմանագիր` առևտրատնտեսական համա­գործակ­­ցության, փոխըմբռնման հուշագիր` արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում համագործակցության մասին: Հանդիպումներ կլինեն ՏՏ ոլորտի մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Վարչապետին ուղեկցող պատվիրակության կազմում են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասերյանը: 

Վարչապետի աշխատանքային այցը ՉԺՀ կավարտվի սեպտեմբերի 12-ին: