Աղթամար կղզում պատարագ և մկրտություն է տեղի ունեցել

Սեպտեմբերի 8-ին Վանի Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցում չորրորդ տարին անընդմեջ պատարագ է մատուցվել, հաղորդում է Hurriyet-ը:

Թերթի տեղեկությունների համաձայն` արարողությանը ներկա գտնվելու համար կղզի է այցելել մոտ 800 հյուր: Բացի տարբեր երկրներից Վան ժամանած հայերից` պատարագին ներկա են եղել նաև այլազգիներ` Ադանայում ԱՄՆ հյուպատոս Ջոն Էսպինոզան, Թուրքիայի մեջլիսի «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդական կուսակցության մի քանի պատգամավորներ, Վանի քաղաքապետ Բեքիր Քայան, ինչպես նաև Թուրքիայում կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներ:

Աղթամար կղզում պատարագ է մատուցել Կ. Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը: Ի դեպ` 1915թ. հետո առաջին անգամ եկեղեցում տեղի է ունեցել մկրտության արարողություն: Մկրտվել է Թուրքիայում ապրող մի ընտանիք, որը որոշել է վերադառնալ իր արմատներին:

Արարողության ամբողջ ընթացքում թուրքական անվտանգության ուժերը կղզում խիստ վերահսկողություն են սահմանել:

Աղթամար կզղին թուրքական կառավարության հովանավորությամբ վերանորոգվել է 2007թ.: 2010թ. թույլատրվել է եկեղեցում տարին մեկ անգամ պատարագ մատուցել, ինչպես նաև խաչ տեղադրել եկեղեցու գմբեթին: Պատարագը տեղի է ունենում սեպտեմբերի երկրորդ կիրակի օրը: