Սիրիա․ շարունակվում են քրիստոնեական հին գյուղի համար մարտերը

Դամասկոսից հյուսիս գտնվող Մալուլա քրիստոնեական գյուղում արդեն մի քանի օր է՝ շարունակվում են արյունալի մարտերը։ Ինչպես հաղորդում է Euronews-ը, սեպտեմբերի 8-ին բնակավայրը կրկին գրավել են «Ալ Կաիդայի» հետ կապեր ունեցող «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման զինյալները։ Ապստամբները վստահեցնում են, որ կառավարական զորքերը դուրս են մղվել Մալուլայից, սակայն սիրիական պետական լրատվամիջոցները հայտարարում են, որ բախումները շարունակվում են։

Սեպտեմբերի 7-ին պետական լրատվամիջոցները հաղորդել էին, որ կառավարական բանակը գրեթե ամբողջությամբ ազատագրել է Մալուլան՝ իր վերահսկողության տակ վերցնելով բնակավայրի կենտրոնը, և հետապնդում է զինյալներին նրա արվարձաններում։ Այդ պահին զինյալները դեռ իրենց ձեռքում էին պահում լեռնային կիրճի գագաթին գտնվող հյուրանոցը։ Ռազմական աղբյուրները հաղորդում էին, որ Մալուլայում ոչնչացվել է ավելի քան 150 ահաբեկիչ։

Բնակիչների մեծ մասը լքել է գյուղը։ Մալուլայի եկեղեցիներն ու մենաստանները ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Հիշեցնենք, որ Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։