Դեյվիդ Քեմերոնը գնացքում թողել է գաղտնի փաստաթղթերով իր ճամպրուկը

Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն ապացուցել է, որ մոռացկոտ է՝ առանց վերահսկողության թողնելով կարևոր փաստաթղթերով իր ճամպրուկը, գրել է բրիտանական Daily Mirror թերթը:

Պարբերականի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել ուղևորափոխադրող գնացքի վագոն-ռեստորանում, որում ճաշում էր բրիտանական կառավարության ղեկավարը:

Ուղևորներից մեկը, ռեստորանում փնտրելով իր տեղը, նկատել է Քեմերոնին: Մեկ այլ վագոնում՝ սեղանի վրա, նա նկատել է «կարմիր ճամպրուկ»՝ «վարչապետ» գրությամբ:

Ուղևորն առանց որևէ խոչընդոտների լուսանկարել է ճամպրուկն ու նկարն ուղարկել թերթի խմբագրություն:

Թերթը գրել է, որ նման «կարմիր ճամպրուկներ» ունեն նաև կառավարության մյուս անդամները, և դրանք նախատեսված են գաղտնի փաստաթղթերի տեղափոխման համար: