Պուտինի խորհրդականը Հայաստանը համեմատել է Կալինինգրադի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` եվրասիական տարածքում ինտեգրման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, թե ընդհանուր սահմանի բացակայությունը չի կարող խոչընդոտել Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցությանը:

Լրագրողի նկատառմանը, թե Հայաստանը Մաքսային միության հետ ընդհանուր սահման չունի, Սերգեյ Գլազևը պատասխանել է. «Մենք ունենք Կալինինգրադի մարզ, որը ևս Մաքսային միության հետ ընդհանուր սահման չունի»: «Էխո Մոսկվիի» թղթակցի հաջորդ դիտարկմանը, թե Հայաստանն ամեն դեպքում առանձին պետություն է, ՌԴ նախագահի խորհրդականը պատասխանել է. «Մեզ համար տարբերություն չկա` պետություն է դա, թե պետության մարզ: Կարևորը, որ դա միասնական մաքսային տարածք է: Մեր միասնական մաքսային տարածքում Մաքսային միության աշխատանքի արդեն հինգերորդ տարին է` գոյություն ունի Կալինինգրադի մարզը, որի հետ ընդհանուր սահմաններ չկան»:

Սերգեյ Գլազևը նաև նշել է, որ Հայաստանի հետ, ըստ ամենայնի, պետք է իրականացվի սահմանը հատող ապրանքների մոնիտորինգ, սակայն մաքսային տուրքեր և ձևակերպումներ չեն նախատեսվում:

ՌԴ նախագահի խորհրդականն ընդգծել է, որ իրենք ակնկալում են Հայաստանի ղեկավարության պաշտոնական պատասխանը Մաքսային միությանն անդամակցության կապակցությամբ, «քանի որ բանավոր համաձայնություն ստացել են, սակայն նաև փաստաթուղթ է պահանջվում»:

Ի դեպ` 2012թ. դեկտեմբերին Ռուսաստանի նախկին փոխվարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն ռուսական «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում Հայաստանը կրկին համեմատել էր Կալինինգրադի մարզի հետ՝ ընդգծելով, որ չնայած ընդհանուր սահմանի բացակայությանը` Հայաստանը կարող է անդամակցել Մաքսային միությանը:

Սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը:

Լուսանկարը` Ֆոտոլուրի