ԱՄՆ-ը չունի Սիրիայում քիմիական զենքի կիրառման ապացույցներ․ Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը չունի ապացույցներ այն բանի, որ իր կառավարությունը քիմիական զենք է օգտագործել իր երկրի բնակչության դեմ։

Ասադը նաև նշել է, որ եթե Արևմուտքի երկրները ռազմական հարված հասցնեն Սիրիային, ապա նրա կողմնակիցները, ըստ ամենայնի, այդ գործողություններն անպատասխան չեն թողնի։

Սիրիայի առաջնորդը խուսափել է պատասխանել հարցին՝ ունի արդյոք իր բանակը քիմիական զենք՝ ասելով, որ ամեն դեպքում այն կլիներ կենտրոնացված վերահսկողության տակ։

Սեպտեմբերի 7-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Բաշար ալ Ասադի վարչակարգի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու պատրաստ երկրների թիվն արդեն երկնիշներով է հաշվվում։

ԱՄՆ-ը Ասադի ուժերին մեղադրում է Դամասկոսի արևելյան արվարձանում՝ Ղուտայում, օգոստոսի 21-ին գազային հարձակման ընթացքում 1429 մարդու սպանության մեջ։

Հիշեցնենք, որ Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։

Մեկնաբանել