Ավարտվել է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային փառատոնը

Երևանի քաղաքապետարանի մարզական միջոցառումների կանոնակարգի համաձայն` հուլիսի 10 -ից մեկնարկել էր Երևանի քաղաքապետի գավաթի «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնը, որի նախնական փուլին այս տարի ներգրավված էին մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների 295 թիմեր` 4389 մասնակիցներով:

Ինչպես հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, 84 թիմերի 636 երեխաներ տարբեր մարզաձևերից իրենց ուժերն են չափել նաև եզրափակիչ փուլերում: Մրցումները կազմակերպվել են 7 մարզաձևերից` շաշկի, շախմատ, վոլեյբոլ, հանդբոլ, հեծանվավազք, բասկետբոլ և ֆուտբոլ: Առաջինից երրորդ տեղեր գրաված թիմերի ներկայացուցիչները պարգևատրվել են դիպլոմներով ու մեդալներով, իսկ առաջին տեղ գրաված թիմերը՝ նաև գավաթներով: Փառատոնին ընդհանուր հաշվարկով 57 միավորով երրորդ տեղն է զբաղեցրել Կենտրոն վարչական շրջանը, երկրորդ տեղում 60 միավորով հանգրվանել է Շենգավիթ վարչական շրջանը: 63 միավորով առաջին տեղը գրավել և Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթին է արժանացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը:

Հաղթող թիմին գավաթը հանձնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով փառատոնի մասնակիցներին, հաղթող թիմերին, ծնողներին ու մարզիչներին` քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը նշել է, որ նման միջոցառումները կլինեն շարունակական, իսկ երևանյան մարզադպրոցները, որոնցից շատերն արդեն հաճախում են փառատոնի մասնակից երեխաները, տարեցտարի կդառնան ավելի նորոգ ու բարեկարգ: Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվող մարզական միջոցառումների գլխավոր նպատակը դեռահասների ու պատանիների շրջանում առողջ ապրելակերպի սերմանումն է:

Մեկնաբանել