Դինքի սպանության հրամանը տվել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը. Ֆ. Չեթին

«Ակօսի» խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը գրում է, որ Դինքին սպանելու հրամանը տվել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT): Ինչպես հաղորդում է Radikal-ը, այս մասին Չեթինը գրել է իր նոր` «Ամաչում եմ. Հրանտ Դինքի սպանության դատավարությունը» գրքում:

Նշվում է, որ Ազգային հետախուզական կազմակերպությունը Դինքի սպանության հրամանը տվել է ծածկագրով, որը ներկայացված է եղել սլավոնական այբուբենով` կիրիլիցայով: Այս մասին Չեթինը տեղեկացել է Ազգային հետախուզական կազմակերպության նախկին աշխատակից, ծածկագրերի գազտնազերծմամբ զբաղվող Ռամազան Դյունդարից: 2010թ. մարտի 16-ին նա զանգահարել է Ֆեթհիյե Չեթինին և հայտնել այս տեղեկությունը, երրորդ անձի միջոցով փոխանցել MIT-ի լոգոն կրող ծածկագիր փաստաթղթերը: Այնուհետև նրանք մշտապես կապի մեջ են եղել և զրուցել Սկայպով, թեև Ռամազան Դյունդարը թաքցրել է իր դեմքը:

«Ամաչում եմ. Հրանտ Դինքի սպանության դատավարությունը» գրքում Չեթինը գրում է, որ Դյունդարի ներկայացրած փաստաթղթերը սկզբում իրեն ոչինչ չեն հուշել: Դյունդարն ասել է, որ ոչ մի պետական կազմակերպություն իր ներքին գրագրությունում չի կարող պարզապես հրաման տալ` ասելով սպանեք Դինքին: Դյունդարի պնդմամբ` սպանության հրամանը տրվել է գաղտնագրով: Նա Ֆեթհիյե Չեթինին ցույց է տվել, որ փաստաթղթերում առկա թվերը կիրիլիցայի տառերի հետ համեմատելիս ստացվում է Հրանտ Դինքի անունը, ինչն էլ հենց «Ակօսի» խմբագրին սպանելու հրամանն է:

Այնուհետ Ֆեթհիյե Չեթինը փորձել է գտնել Ռամազան Դյունդարին, սակայն նրան հայտնել են, որ Դյունդարը հեռացել է Լիբանան: Ազգային հետախուզական կազմակերպությունից էլ Ֆեթհիյե Չեթինին տեղեկացրել են, որ Ռամազան Դյունդար անունով աշխատակից չունեն, և վերոնշյալ փաստաթղթերը չեն պատկանում կազմակերպությանը:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին: 5 տարի ընթացող դատավարությունից հետո` 2012թ. հունվարի 17-ին, հրապարակվեց դատավճիռը, ըստ որի` հանցանքը ահաբեկչական կազմակերպության ձեռքի գործը չէ, թեպետ դրան ընդդիմանում էր Դինքը ընտանիքը: Որոշման համաձայն` թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը ծրագրավորելու և կազմակերպելու մեղադրանքով և դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության կազմակերպիչներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց, իսկ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթն ավելի վաղ դատապարտվել էր 21 տարի 6 ամիս ազատազրկման՝ կանխամտածված սպանության համար։ Սակայն 2013թ. հունվարին Թուրքիայի հանրապետական դատախազությունը չեղյալ հայտարարեց Դինքի գործով դատավճիռը: