Բանկերում ռիսկերն ավելի մեծ են, քան վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելիս

«Փարկինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը (ձախից) և «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը համատեղ ասուլիսում, 9 սեպտեմբեր, Երևան։

Երևանի քաղաքապետարանը վճարովի ավտոկայանատեղեր կազմակերպելու գործառույթը «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությանը լիազորել է միանգամից տասը տարով։ Այսօր՝ սեպտեմբերի 9-ին «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ համատեղ ասուլիսին «Փարկինգ սիթի սերվիսի» տնօրեն Վազգեն Հարությունյանն ասաց, որ վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների պայմանագիրը ընկերության հետ կնքվել է տասը տարի ժամկետով՝ հաշվի առնելով ներդրումների վերադարձելիությունը։

Հարությունյանը հայտարարեց, որ ընկերությունը վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունը մատուցում է ոչ թե քաղաքացիներին, այլ քաղաքապետարանին, և կնքված պայմանագրի համաձայն՝ ստանալու է հավաքագրվող տուրքի 70%-ը։ Մատուցվող ծառայությունների ինքնարժեքը ներկայացնելու ՍիվիլՆեթի հարցին (70% տուրքի կառուցվածքն ըստ ծախսերի), Հարությունյանը ասաց, որ գումարի 16,67%-ը ԱԱՀ-ն է, 10%-ը՝ ընկերության շահութաբերությունը, մնացած մասն ուղղվելու է ներդրումների վերադարձելիությանը։ Թե որքան է այս մասնաբաժինը, Հարությունյանը չնշեց, ասելով, որ չի հիշում, բայց ընկերությունը պատրաստ է տրամադրել նաև այդ տեղեկությունը։

Ըստ Հարությունյանի՝ ընկերությունն այս տարի արդեն կատարել է $3 մլն-ի ներդրումներ, մինչև տարեվերջ ծավալը կհասնի $5 մլն-ի։ Եվս $5 մլն նախատեսված է ներդրել 2014թ-ին։ Արդեն իսկ տեղադրվել է 2 հազ. տեսախցիկ, ևս 3 հազ. նախատեսված է տեղակայել գալիք տարի, ձեռք է բերվել 4 շրջիկ ավտոմեքենա, որոնցում տեղադրվել են ձայնագրման համապատասխան սարքավորումներ, կառուցվել է օպտիկամանրաթելային ցանց։

Հարությունյանի խոսքով՝ ավտոկայանատեղերի վերահսկողությունը, տուրք չվճարած վարորդների բացահայտումը կատարվում է ոչ թե տեսախցիկներով, այլ շրջիկ ավտոմեքենաներով։ Տեսախցիկները կոչված են տեսագրելու ավտոկայանատեղին, տեսագրությունը տրամադրվում է քաղաքապետարանին, քաղաքացին այն կարող է ստանալ ցանկացած պահի։

Հարցին, թե ինչո՞ւ է ընկերությունը սկսել մի բիզնես, որի շահութաբերությունն ընդամենը 10% է, և ոչ թե գումարները դրել բանկում, որպես ավանդ՝ 13%-ով, Հարությունյանը նախ ասաց, որ բանկերում հնարավոր չէ $10 մլն-ի ավանդ դնել, հետո՝ «բանկերում ռիսկերն ավելի մեծ են քան բիզնեսում, քանի որ երաշխավորված է միայն Դ4 մլն-ը» (խոսքը ֆիզիկական անձանց բանկային ավանդների երաշխավորության մասին է)։ «Բիզնեսում մենք ունենք ակտիվներ, սարքավորումներ, որոնք միշտ կարող ենք վաճառել»,- ասաց Հարությունյանը։

Ուշագրավ է, որ քաղաքապետարանը «Փարքինգ սիթի սերվիսին» թեև լիազորել է տուրք չվճարած ավտոմեքենաները տեղափոխել հատուկ տարածք, այն դեռևս չի հատկացվել։

Ի դեպ, ասուլիսին ներկա «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը դժգոհ չէր վճարովի ավտոկայանատեղերից և միշտ նշում էր, որ իր ղեկավարած կազմակերպությանը կոչված է պաշտպանելու վարորդների իրավունքները ճանապարհային ոստիկանության հարաբերություններում։ Ըստ նրա՝ կայանելու համար քաղաքացիները վճարում են տուրք։ Դիտարկմանը, որ սա ըստ էության քաղաքացիներից գանձվող գումար է ոչինչի համար՝ «օդից փող», Հովհաննիսյան ասաց՝ «այո»։