Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովը հրապարակել է Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետի՝ սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ընտրություններում քվեների 100% հաշվարկի արդյունքները․ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինը ստացել է 51,37% ձայն, ընդդիմադիր բլոգեր և քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին՝ 27,24% ձայն։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Կոմունիստ Իվան Մելնիկովը ստացել է 10,69% ձայն, «Յաբլոկոյի» թեկնածու Սերգեյ Միտրոխինը՝ 3,51%, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դեգտյարյովը՝ 2,86%, «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչ Նիկոլայ Լևիչևը՝ 2,79%։
Սեպտեմբերի 8-ի երեկոյան, երբ սկսվեց նախնական արդյունքների հրապարակումը, Սոբյանինի ցուցանիշն անշեղորեն նվազում էր (57,77%-ից), իսկ Նավալնիինը աճում էր (21,56%-ից)։ Այսպիսով՝ Սոբյանինին հաջողվեց դժվարությամբ խուսափել երկրորդ փուլից։
«Նախնական արդյունքները, որ մենք տեսնում ենք, խոսում են այն մասին, որ ընտրություններն ավարտվել են մեկ փուլով»,- հայտարարել է Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վալենտին Գորբունովը։ Քվեարկության երկրորդ փուլ չի լինի, ասել է նա։
Ալեքսեյ Նավալնին հայտարարում է, որ ընտրությունները կեղծվել են և չի ճանաչում դրանց արդյունքները։
Նավալնիի շտաբում մատնանշում են քվեարկության վերջին երկու ժամում մասնակցության թվի՝ իրենց խոսքով՝ անհավանական աճը՝ 26,46%-ի մինչև 33,23%։ Այս տոկոսների զգալի մասը կազմել են Սոբյանինի օգտին «լցոնումները», վստահեցնում են ընդդիմադիրները։
Նավալնիի կողմնակիցները սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19։00-ին, Մոսկվայի «Բոլոտնայա» հրապարակում արտոնված ցույց են իրականացնելու՝ ընտրությունների արդյունքները քննարկելու համար։ Ակնլավում է, որ կհնչեն ձայների վերահաշվարկի և երկրորդ փուլի անցկացման պահանջներ։