ԵՄ-ն և ԵԺԿ-ն պետք է օգնեն մեզ միասին հաղթահարելու այս մարտահրավերը. Ստյոպա Սաֆարյան

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Ուկրաինայի «Դեմոկրատական դաշինք» և «Բատկևշչինա», Մոլդովայի «Լիբերալ-դեմոկրատական», Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» և Բելառուսի «Միացյալ քաղաքացիական» կուսակցությունների ներկայացուցիչների հետ սեպտեմբերի 2-5-ը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել ԵՄ և ԵԺԿ հաստատությունների ղեկավարության և պատասխանատուների հետ, հաղորդում են «Ժառանգության» մամուլի ծառայությունից:

Սեպտեմբերի 5-ին և 6-ին Սաֆարյանը որպես «Ժառանգության» պատվիրակ մասնակցել է ԵԺԿ քաղաքական վեհաժողովի աշխատանքներին:

Արևելյան գործընկերությանը վերաբերող օրակարգային հարցի շրջանակում Վեհաժողովի ղեկավարության խնդրանքով Ստյոպա Սաֆարյանը ներկայացրել է Հայաստանում իրավիճակը և «Ժառանգության» գնահատականները: Անդրադառնալով օրեր առաջ Մոսկվայում ՌԴ նախագահի հետ ՀՀ նախագահի ստորագրած համատեղ հայտարարությանը` Ստյոպա Սաֆարյանն անընդունելի է համարել Հայաստանի ինքնիշխանության սահմանափակումը, որով մերժվում է մեր երկրի՝ այժմ կամ ապագայում ռազմավարական գործընկեր ընտրելու իրավունքը:

«Տարակուսելի է, որ հայտարարության մեջ խոսվում է Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման մասին, այն դեպքում, երբ Հայաստանը նման որոշում չի կայացրել: Հայտարարությամբ ՀՀ նախագահը Մոսկվայի առջև հանձնառություն է ստանձնում երկիրը մերձեցնել Եվրասիական միությանը: Մինչդեռ պետք է հիշեցնեմ, որ 2011թ. փետրվարին, երբ հայաստանյան երեք կուսակցություններ՝ «Ժառանգությունը», ՀՀԿ-ն և «Օրինաց երկիր»-ը այս նույն դահլիճում ստացան ԵԺԿ-ի դիտորդական անդամակցություն, վերջինիս հետ հայտարարություն ստորագրեցինք Հայաստանը Եվրոպային, այլ ոչ թե Եվրասիական միությանը մերձեցնելու կապակցութամբ: Դա է Հայաստանի որոշումը, և ես Հայաստանից մեր գործընկեր կուսակցությանը հիշեցնում եմ մեր ստանձնած այդ հանձնառության մասին: Անշուշտ, Հայաստանը անվտանգության կենսական խնդիրներով զգայություններ ու այլ առաջնայնություններ ունի, ինչը ենթադրում է ճկունություն Ռուսաստանի ու այլ երկրներ հետ հարաբերություններում, և Հայաստանին կարող է տրվել նման հնարավորություն: Սակայն, դա չի կարող նշանակել Հայաստանի անդամակցություն Եվրասիական մաքսային միությանը: Ստեղծված իրավիճակում, ինչպիսին էլ լինեն վարագույրից անդին Հայաստանի հանդեպ ռուսական ճնշման գործոնները, Երևանը կա’մ պետք է ետ կանգնի Հայաստանը Մաքսային միությանը միացնելու Մոսկվայում տված իր խոստումից և ստորագրությունից, ինչը քիչ հավանական եմ համարում, կամ պետք է սահմաններ դնի Եվրասիական միության հետ իր մերձեցման գործում այնպես, որ դա որևէ կերպ չնշանակի անդամակցություն և չխոչընդոտի առաջիկայում ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացմանը: Այս դժվարին մարտահրավերի պայմաններում Հայաստանը և ԱլԳ անդամ երկրները առավել քան երբևէ մեր բոլորի աջակցության, զորակցության կարիքն ունեն: ԵՄ-ը և ԵԺԿ անդամ կուսակցությունները պետք է օգնեն մեզ միասին հաղթահարելու այս բարդագույն մարտահրավերը»,- հայտարարել է Ստյոպա Սաֆարյանն իր հիմնական ելույթում:

ԵԺԿ քաղաքական վեհաժողովը միաձայն հրատապ բանաձև է ընդունել «Արևելյան գործընկերության երկրների հանդեպ ռուսական ճնշման վերաբերյալ», որում Եվրոպայի ամենամեծ կուսակցական ընտանիքը «դատապարտում է Հայաստանի կառավարության վրա Ռուսաստանի գործադրած ճնշումը և ափսոսանք է հայտնում Եվրասիական մաքսային միությանը միանալու Հայաստանի նախագահի որոշման կապակցությամբ, որը վտանգում է ԵՄ ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումները», ինչպես նաև` հատուկ «շեշտում է, որ Եվրասիական մաքսային միությանն անդամակցությունն անհամատեղելի է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի, ներառյալ` Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի կնքման հետ»:

Մեկնաբանել