Նավալնին ցանկանում է բանակցել Սոբյանինի շտաբի հետ

Մոսկվայի քաղաքապետի՝ սեպտեմբերի 8-ին կայացած ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած ընդդիմադիր թեկնածու Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ սկսել ընտրություններում հաղթող հայտարարված, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինի շտաբի հետ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ինչպես տեղեկացրել է ընդդիմադիր գործիչը LiveJournal-ի իր բլոգում, բանակցությունների ընթացքում ինքը մտադիր է պահանջել ձայների վերահաշվարկ և բոլոր «խնդրահարույց» ընտրատեղամասերի տեսագրությունների վերլուծությունուն։

Սեպտեմբերի 9-ին՝ ավելի վաղ, Սերգեյ Սոբյանինը պատրաստակամություն էր հայտնել հանդիպելու ընտրություններում իր գլխավոր ընդդիմախոսի հետ։ «Ես հրավիրում եմ։ Թող գա»,- ասել էր նա։

Հիշեցնենք, որ համաձայն Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի արդյունքների՝ հրապարակված քվեների 100% հաշվարկից հետո, Սոբյանինը ստացել է ընտրողների ձայների 51,37%-ը, Նավալնին՝ 27,24%-ը։