Հայաստանի` Մաքսային միությանը միանալու բանակցությունները կարող են մեկնարկել հոկտեմբերին

Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու շուրջ բանակցությունները կարող են մեկնարկել արդեն 2013թ. հոկտեմբերին. ինչպես հաղորդում է ռուսական RBC գործակալությունը, այս մասին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին զեկուցել է առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանը Մաքսային միությանն անդամակցության ցանկություն է հայտնել դեռ սեպտեմբերի 3-ին: Շուվալովի խոսքով` փորձագիտական խումբը, որն աշխատում է այդ հարցի ուղղությամբ, նշել է, թե սեպտեմբերի 25-ին երկրի ղեկավարների մակարդակով նախատեսված Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում հնարավոր կլիներ պատրաստել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին զեկույցը:

«Այս դիրքորոշման համաձայնեցման դեպքում արդեն հոկտեմբերին հնարավոր է տրվի ազդանշան, որ մեկնարկեն Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու շուրջ բանակցությունները»,- ասել է փոխվարչապետը:

ՌԴ առաջին փոխվարչապետը նշել է, որ այս գործընթացը որոշակի ժամանակ կպահանջի, քանի որ միաժամանակ մշակվում է նաև Եվրասիական տնտեսական միության համաձայնագրի նախագիծը:  

«Մենք կարող ենք պայմանավորվածություն ձեռք բերել Մաքսային միությանը միացող յուրաքանչյուր մասնակցի հետ` ինտեգրման հիմնական դրույթները համաձայնեցնելու մինչև 2014թ. մայիս: Մենք ի վիճակի ենք այն (ինտեգրացիան) իրականացնել»,- ասել է Շուվալովը: