Օլիմպիական խաղերում Թուրքիան առաջինը հայերն են ներկայացրել. Ռոբեր Քոփթաշ

Միջազգային օլիմպիական կոմիտեն Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում կայացած փակ քվեարկությամբ 2020թ. ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաք է ընտրել Տոկիոն: Թուրքիայի խոշորագույն քաղաքը` Ստամբուլը, ևս հավակնում էր հյուրընկալել օլիմպիական խաղերը: Արգենտինայում էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որին հիասթափեցրել են կայացած քվեարկության արդյունքները:  

Թուրքիա վերադառնալու ճանապարհին, պատասխանելով լրագրողների հարցերին,
Էրդողանն անարդարացի է համարել օլիմպիական «պայքարից» Ստամբուլին դուրս մղելը: Ավելին` Թուրքիայի վարչապետի ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ երկրի ներսում որոշ մարդկանց ուրախացրել էր Ստամբուլի` օլիմպիադայի անցկացման իրավունքը չստանալը: Սոցցանցերում նման տրամադրությունների առկայությունը զարմացրել էր Էրդողանին: Հատկանշական է, որ Թուրքիայի ներսում Գեզի այգու պայքարի մասնակիցների մի մասը դեմ էր օլիմպիական խաղերը Թուրքիայում անցկացնելուն: Շատերն էլ նշում էին, որ Գեզի այգու պայքարի մասնակիցներն են մեղավոր, որ Ստամբուլը չշահեց օլիմպիական խաղերն ընդունելու հնարավորությունը:

Պոլսի «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը, իր հերթին, թեմայի կապակցությամբ հոդված է հրապարակել: Նա գրում է, թե Թուրքիայի ներսում օլիմպիադային դեմ հանդես եկողները գոհունակությամբ են ընդունել Տոկիոյի հաղթանակը: Քոփթաշը գրում է, որ մի հատվածն էլ օլիմպիադային դեմ հանդես եկողներին սկսեց «մեղադրել հայ, հույն կամ հրեա լինելու մեջ»: Դրան ի պատասխան` «Ակօսի» խմբագիրը հարց է բարձրացնում` թե  քանի մարդ գիտի, որ օլիմպիական խաղերում հենց հայերն են եղել Օսմանյան կայսրության առաջինը մասնակիցները:

Այնուհետև Քոփթաշը իր հոդվածում պատմում է հայ մարզիկներ Վահան Փափազյանի ու Մկրտիչ Մկրյանի մասին, որոնք 1912թ. առաջին անգամ Օսմանյան Թուրքիան ներկայացրել են Ստոկհոլմի օլիմպիական խաղերում: Նա անդրադառնում է նաև Շավարշ Քրիսյանին` իր «Մարմնամարզ» հանդեսով, որը մեծ ներդրում է ունեցել ոչ միայն հայ, այլ օսմանյան սպորտի զարգացման գործում: