Մաքսային միությունը աչք ունի Հայաստանի մետաղների վրա

Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանը միանալու որոշման մասին։ Ինչ է տալու անդամակցությունը Հայաստանին, դեռ հստակ չէ։ Միակ փաստաթուղթը, որն այս առումով ինչ-որ հստակություն է մտցնում, Եվրասիական զարգացման բանկի Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի պատրաստած «Մաքսային միություն և հարևան երկրներ. փոխշահավետ գործընկերության մոդելներ և գործիքներ» զեկույցն է։ Առաջ քաշվող դրույթներն այստեղ, այդուհանդերձ, չափազանց ընդհանուր են։

Ուշագրավ է, որ նույն Կենտրոնը այս տարի պատրաստել է Տաջիկստանի՝ «Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին անդամակցելու տնտեսական էֆեկտի գնահատականներ» զեկույցը։ Ղրղըզստանի մասով այսպիսի զեկույց գոյություն ունի 2011-ից։ Նախկին խորհրդային այս հանրապետությունները Մաքսային միությանն անդամակցելու հայտեր ներկայացրել էին դեռ 2011-ին։

Եվրասիական բանկի կողմից պատրաստված «Մաքսային միություն և հարևան երկրներ. փոխշահավետ գործընկերության մոդելներ և գործիքներ» զեկույցում շեշտը դրված է Մոլդովայի, Հայաստանի և Տաջիկստանի տնտեսությունների վրա։ Բերվում են այս երկրներում գործող մաքսատուրքերի համեմատականներ՝ Մաքսային միությունում արդեն իսկ սահմանվածների հետ, նշվում օգուտները, որոնք կստանա Միությունը այդ երկրների անդամակցությունից։

Ըստ զեկույցի հեղինակների՝ Հայաստանի պարագայում Մաքսային միության անդամ մյուս երկրների համար կբացվի հանքային ռեսուրսների շուկան։ «Հայաստանի հետ ինտեգրումը, ներդրումների միջոցով հասանելի կդարձնի այդ երկրի մետաղական և հանքային ռեսուրսները։ 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո, Վրաստանի հետ հարաբերությունների բարելավման դեպքում այդ ապրանքների արտահանումը Ռուսաստան հնարավոր կլինի իրականացնել առանց Հայաստանի հետ ընդհանուր սահման ունենալու»,- ասվում է զեկույցում։

Նշենք, որ Հայաստանի հանքարդյունաբերական արտադրանքը՝ հանքաքարը, խտանյութը (արտահանման մեջ մասնաբաժինը ավելի քան 50%) գրեթե ամբողջովին արտահանվում է Եվրամիություն։

Մաքսային միության անդամ երկրների համար կբացվի նաև Հայաստանի պետական գնումների շուկան։ Հայտարարվող մրցույթներում Հայաստանի կառավարությունը կարող է ստանալ ավելի արդյունավետ առաջարկներ, իսկ Միության երկրները՝ հավելյալ շուկա։

Անդամակցության արդյունքում Հայաստանին կարող է առաջարկվել մասնակցելու Միասնական տնտեսական տարածքին՝ օգտագործելով «չորս ազատություններ»։ Խոսքը ապրանքների, ծառայությունների, կապիտալի և մարդկային ռեսուրսների ազատ տեղաշարժի մասին է։

Զեկույցում ուշագրավ մեկ ձևակերպում կա, ըստ որի՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հետ Հայաստանի համագործակցության պայմաններում հնարավոր է կնքել Միասնական տնտեսական տարածքին միանալու պայմանագիր, առանց Մաքսային միությանն անդամակցելու։ Թեև նման հնարավորության առկայությանը՝ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման մասին։

Մաքսային միությանն անդամակցությունից Հայաստանը կշահի էներգակիրների մասով։ Սա այսօրինակ միակ դիտարկումն է զեկույցում։ Ըստ զեկույցի հեղինակների՝ Հայաստանը, Մոլդովան և Տաջիկստանը էներգակիրներ ներկրող երկրներ են և ռուսական բիզնես ցիկլի հետ սինքրոնացման դեպքում հնարավոր կլինի նվազեցնել այս տնտեսությունների վնասները համաշխարհային շուկայում էներգակիրների գների բարձրացման դեպքում։ Մյուս կողմից՝ բոլոր երկրների համար նշվում է, որ «ռուբլու և ռուսական տնտեսության կայունության նկատմամբ չափից դուրս վստահությունը կարող է հանգեցնել արդյունաբերության շոշափելի նվազման, եթե Ռուսաստանի տնտեսությունը հայտնվի ճգնաժամում»։