Հայաստանի պարենային անվտանգությունը թեմայով քննարկում գյուղնախարարությունում

Գյուղատնտեսության նախարարությունում սեպտեմբերի 9-ին մեկնարկել է գյուղատնտեսական երկուշաբթիների շարքը՝ «Հայաստանի պարենային անվտանգությունը» թեմայով, հաղորդում են գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից:

Ներկայացվել է տեսացուցադրություն, որում ներառված էին պարենային զամբյուղի բոլոր բաղադրիչների ինքնաբավության ցուցանիշները: Հանրապետության պարենային հաշվեկշռի վերջին 5 տարիների տվյալների վերլուծությունը վկայում է, որ կարևորագույն սննդամթերքների ինքնաբավության մակարդակը 60% է. 2020-ին նախանշված է հասցնել 80-85%:

Առաջին տեսացուցադրությունը և վերլուծական աշխատանքը ներկայացրել է նախարարության գյուղատնտեսության զարգացման ծրագրերի պատասխանատու, տնտեսագիտության դոկտոր Հրաչյա Ծպնեցյանը: Ըստ բանախոսի՝ ընթացիկ տարվա հունվար–հուլիս ամիսներին գյուղատնտեսական համախառն արտադրանքը կազմել է 297,9 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 4,7%, ընդ որում` բուսաբուծության ոլորտում աճը 8,8% է: Տնտեսագիտության դոկտոր Հրաչյա Ծպնեցյանը հրապարակել է ցանքատարածությունների ընդհանուր ծավալը, որը, կազմելով 318,2 հազ. հա, գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 14 հազ. հա-ով:

Քանի որ ցորենի բերքի ծավալների աճը բացառիկ ազդեցություն ունի ցորենի ինքնաբավության մակարդակի ապահովման համար, տեսացուցադրության թիրախներից մեկը հանրապետությունում սպասվող հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի սպասվող բերքի ծավալներն էին: Հրապարակվել է 530-537 հազ. տոննա բերքի փաստացի սպասումը, որից 305-310 հազ. հա-ն բաժին է ընկնում ցորենին: Այս ցուցանիշով ակնկալվում է ցորենի արտադրության շուրջ 25,5-27,5% աճ:

Սպասվում է շուրջ 663-665 հազ. տ կարտոֆիլի, 860-865 տ բանջարեղենի, 338-342 հազ. տ պտղի և հատապտղի համախառն բերք, ինչն էականորեն գերազանցում է նախորդ տարվա մակարդակը:

Յուրաքանչյուր երկրի պարենային ինքնաբավությունը համարվում է ապահովված, եթե առկա է տնտեսության այնպիսի մակարդակ, որն երաշխավորում է բնակչության համար առողջապահական նորմերին համապատասխանող ֆիզիկական և տնտեսական մատչելիությունը:

Ուստի առաջին բանախոսը չի խուսափել խոսել նաև այն խնդիրներից, որոնց լուծման դեպքում հնարավոր է ապահովել ինքնաբավության ավելի բարձր մակարդակ:

Հիմնախնդիրների շարքում անդրադարձ է եղել հողային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, սերմնաբուծության և տոհմային գործի, ագրոտեխնիկայի կատարելագործմանը, գյուղատնտեսական ռեսուրսների հասանելիությանն ու մատչելիությանը:

Մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև պարենային անվտանգության համատեքստում կենդանական ծագում ունեցող մթերքների պարենային ինքնաբավության ցուցանիշների վիզուալ ցուցադրությունը: Թեման ներկայացրել է գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանը, որի ելույթի առաջին միտքը բավականին սենսացիոն էր. Հայաստանը ԱՊՀ-ում ռեկորդային է անասնաբուծական ցուցանիշների գծով: 2013թ. հունվարի 1-ի դրությամբ խոշոր եղջերավորների գլխաքանակի աճը գերազանցել է 10,3%-ը, մանր եղջերավորների աճը կազմել է 14,3%, իսկ խոզերինը՝ 34,2%: Միայն վերջին երկու տարիների ընթացքում մսի արտադրության ծավալներն ավելացել են 3,8 հազ. տ-ով՝ կազմելով 74,6 հազ. տ: Կաթի արտադրության ցուցանիշը մեկ տարում ավելացել է 17 հազ. տ-ով: Կաթի ինքնաբավությունն այսօր հանրապետությունում հասել է շուրջ 77%-ի: Հովհաննիսյանը նշել է, որ ինչպես մսի, այնպես էլ կաթի ծավալների աճն աննախադեպ է վերջին 3 տասնամյակների ընթացքում: Ոչխարի մսի արտադրությամբ հանրապետությունը ոչ միայն ինքնաբավ է, այլև արտահանումների հստակ կողնորոշում ունի: Ներկայացվել են ձվի տարեկան արտադրության տատանումները և հայտարարվել է, որ տեղական շուկան ամբողջությամբ բավարարում է ձվի պահանջարկը:

Մեկնաբանել