Առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների աշխատավարձերը 2014թ. կբարձրանան. Դ. Դումանյան

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի առաջին կանգառը եղել է Մեղրիում, հաղորդում են առողջապահության մամուլի ծառայությունից:

Մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացել է կառուցվող նոր բժշկական կենտրոնի աշխատանքների ընթացքին։ Նա կառուցողների հետ շինհրապարակում քննարկել է նախագծային մի շարք հարցեր։ Հանձնարարվել է առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի մասնագետներին հաշվարկներ անել, որպեսզի կենտրոնին կից դիահերձարան ևս կառուցվի։

Դերենիկ Դումանյանը եղել է նաև Մեղրու տարածաշրջանային  բժշկական կենտրոնի Ագարակի հիվանդանոցում, ծանոթացել մատուցվող ծառայությունների ծավալներին, վիրահատարանի, ծննդաբերական բլոկի և մյուս բաժանմունքների և հարակից ծառայությունների պայմաններին ու խնդիրներին։

Քաջարանում նախարարն այցելել է պղնձամոլիբդենային գործարանի միջոցներով հիմնանորոգված և նորագույն սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոն։

Կապանում ևս նախարարն ու մարզպետը ծանոթացել են հիմնանորոգվող բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին, շինարարների հետ քննարկել նրանց կողմից բարձրացած հարցերը։ Այստեղ մարզպետը հանձն է առել, որ նախագծով չնախատեսված դիահերձարանի կառուցումը կիրականացնի  մարզպետարանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ  նախարարությունն էլ կապահովի անհրաժեշտ սարքավորումներով և գույքով։

«Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում 2011-ին նորացված Գորիսի բժշկական կենտրոնում օգտվելով նախարարի այցից, մանկաբարձ-գինեկոլոգը խնդրել է ունեցած  ուլտրաձայնային հետազոտության սարքը փոխարինել առավել հզորով ու ժամանակակիցով։ Նախարարը եղել է նաև Սիսիանում։ Ամենուր նա հանդիպումներ է ունեցել բուժաշխատողների հետ, նրանց ներկայացրել նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը։

Նախարարը նաև հայտնել է, որ առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների աշխատավարձերը 2014թ. կբարձրանան։ Բացի այդ` ամբուլատորիաները կընդգրկվեն ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման սկրինինգային ծրագրում և կհամալրվեն անհրաժեշտ նոր սարքավորումներով։ Դերենիկ Դումանյանը հույս է հայտնել, որ դա կպարտավորեցնի բուժաշխատողներին ավելի շատ ջանքեր գործադրել հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման ուղղությամբ։