Բնակարաններ լրագրողներին. La Stampa-ն՝ Ալիևի ընտրարշավի մասին

Նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ Ադրբեջանի վարչակարգը ընդդիմադիր մամուլի նկատմամբ վերահսկողություն սահմանելուն ուղղված ռազմավարություն է իրականացնում, գրում է իտալական La Stampa պարբերականը։

«Ադբեջանում ընտրություններից մեկ ամիս առաջ նախագահ Ալիևը սկանդալի կենտրոնում է հայտնվել․ նրան մեղադրում են լրագրողներին «առնելու» մտադրության մեջ՝ վճարելով նրանց բնակարանի արժեքը։ Եթե նախկինում վարչակարգը հայտնի էր մեծ թվով լրագրողների ահաբեկելով, ծեծի ենթարկելով, կալանքի տակ վերցնելով, ապա այժմ մամուլում տեղեկատվություն է հայտնվել լրագրողներին իր կողմը գրավելու փորձի մասին»,- գրում է պարբերականը։

«Այս տարվա հուլիսին կառավարությունը կառուցեց լրագրողների և նրանց ընտանիքների համար 155-բնակարանոց 17-րդ շենքը։ Շինարարությունն արժեցել է $6 մլն։ Բնակարանների մեծ մասը ստացան կառավարամետ պարբերականների լրագրողները, սակայն բանակարանների մի մասը, որքան էլ զարմանալի չէ, զբաղեցնում են անկախ լրատվամիջոցներում աշխատող լրագրողները»,- նշում է հոդվածագիր Մարտա Օտավիանին։

«Փաստը, որ տարբեր լրատվամիջոցներում աշխատող պրոֆեսիոնալներ ապրում են մեկ հարկի տակ, վկայում է այն մասին, որ Ադրբեջանում չկա քաղաքական որևէ խտրականություն մամուլի նկատմամբ»,- ասել է Ալիևը։ Սակայն ոչ բոլորին դուր եկավ նախաձեռնությունը։ Որոշ լրագրողներ կառավարությանը մեղադրեցին մամուլի ազատությունը բնակարանի դիմաց վճարելու հնարավորությամբ փոխելու մեջ։ Ինչպես նշում է պարբերականը, Ադրբեջանում միջին լրագրողը վաստակում է ամսական մոտ $600։

Կառավարական շենքում բնակարան ստացած լրագրողներն աշխատում են Azadliq, Yeni Musavat և Bizimyol պարբերականներում, որոնք վարչակարգի նկատմամբ ամենաքննադատորեն տրամադրվածների թվին են պատկանում։ «Իմ լրագրողներից մեկն ինձանից խորհուրդ հարցրեց, ես չկարողացա նրան ոչ պատասխանել, քանի որ մեր թերթը չի կարող բավարարել նրա տնտեսական պահանջները։ Բայց, անկասկած, խոսքը կառավարությունից բնակարան ստանալու արատավոր պրակտիկայի մասին է»,- ասում է Ռահիմ Գաջիևը՝ Azadliq-ի գլխավոր խմբագրի առաջին տեղակալը։ Սակայն որոշ լրագրողներ, այնուամենայնիվ, գտան քաջություն՝ հրաժարվելու առաջարկված բնակարաններից։

«Տեսնենք, թե ինչ կլինի հետագայում։ Նախագահ Ալիևն արդեն գրեթե €5 մլն է հատկացրել մամուլի ներկայացուցիչների համար նախատեսված բնակարանային երկրորդ համալիրին»,- եզրափակում է պարբերականը։

Մեկնաբանել