«Վահագնի» թաղամասում կկառուցվի պատմական Հայաստանի մանրակերտը

Բարերար Վահագն Հովնանյանի հրավերով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է «Վահագնի» թաղամաս, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Մանրակերտի և նախագծերի վրա տեղում քաղաքապետին է ներկայացվել «Հայաստան սքանչավայր» ծրագիրը, որը կյանքի կկոչվի հենց «Վահագնի» թաղամասում: Շուրջ 75 հազ. քմ տարածքի վրա նախատեսվում է կառուցել պատմական Հայաստանի մանրակերտը, որն ընդգրկելու է պատմական Մեծ Հայքը, Փոքր Հայքը, ներկայիս Հայաստանն ու Արցախը: Ծրագրի ղեկավարի խոսքով` բացօթյա մանրակերտ զբոսայգում կցուցադրվեն մանրակերտ շենքեր, պալատներ, բերդեր, եկեղեցիներ և պատմական այլ հիշարժան ու կարևոր կառույցներ: Աշխարհում շուրջ 100 նմանատիպ ծրագրեր են կյանքի կոչվել, սակայն ինչպես նշել են ծրագրի հեղինակները, դրանցից միայն մեկ տասնյակն են ազգային բնույթ կրել: Երևանում իրականացվող ծրագիրը նրանց հավաստմամբ` ևս կհամալրի այդ տասնյակի շարքը: Հանդիպման շրջանակում Տարոն Մարգարյանին է ներկայացվել նաև թաղամասի կառուցապատման շարունակականության և ընդլայնման ծրագիրը:

Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու ծրագրի հնարավորին շուտ կյանքի կոչման հարցում:

Մեկնաբանել