Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության ֆիասկոն

Սերժ Սարգսյանն իր պաշտոնը ստանձնելուց հետո արտաքին-քաղաքական երկու խոշոր նախաձեռնություն սկսեց, երկուսն էլ բացարձակ ֆիասկո ունեցան և Հայաստանը կանգնեցրին սուվերենությունը կորցնելու առաջ:

Այդ երկու նախաձեռնությունները փոխկապակցված են Հայաստանի արտաքին քաղաքականության մի շարք այլ խնդիրների հետ՝ Արցախի հակամարտության կարգավորում, Ցեղասպանության ճանաչում, և, փաստորեն, դրանց տապալումը հարված է հասցրել Հայաստանի շահերին:

Սերժ Սարգսյանի առաջին նախաձեռնությունը հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումն էր: Այդ արձանագրությունները ոչ միայն անհաջողության մատնվեցին, այլև Հայաստանի կողմից հարցականի տակ դրվեց Ցեղասպանության փաստը: Արձանագրության համաձայն՝ Հայաստանը և Թուրքիան պետք է իրականցնեին երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում՝ պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար: Երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող գլխավոր խնդիրը միանշանակ եղել և մնում է Ցեղասպանության փաստը:

Խնդիրը պատմագիտական հարթություն տեղափոխելը կնշանակեր հարցականի տակ դնել պատմական փաստը, որն ամենամեծ վտանգն է Ցեղասպանության ճանաչման գործընթացի համար: Հայ-թուրքական արձանագրությունները կապված են նաև Արցախի խնդրի կարգավորման հետ՝ չնայած հայկական կողմը բազմիցս պնդել է, որ հայ-թուրքական արձանագրությունները կապված չեն Արցախի խնդրի կարգավորման հետ: Սակայն Արցախի շուրջ զարգացումները ցույց են տալիս, որ հստակ կապ կա: Սերժ Սարգսյանը ոչ միայն չկարողացավ ավարտին հասցնել իր նախաձեռնությունը, այլ նաև նախաձեռնության ընթացքում այնպիսի զիջումներ թույլ տվեց, որոնցից ձերբազատվելն ու այլ հարթության մեջ հայ-թուրքական հարաբերությունները կառուցելը հետագա գործիչների համար դժվար կլինի:

2010թ. Սերժ Սարգսյանը նախաձեռնեց նաև Եվրոպական Միության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրման գործընթացը: Նա ամբողջ պետական համակարգը լծեց այդ գործին՝ ԵՄ հետ համապարփակ պայմանագիր պատրաստելու համար: 3.5 տարի Հայաստանն աշխատեց Ասոցացման պայմանագրի նախապատրաստման համար, սակայն սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ միանում է Եվրասիական միությանը: Սերժ Սարգսյանը ոչ միայն 3.5 տարվա ողջ պետական համակարգի կատարած աշխատանքը զրոյի հավասարեցրեց, այլ նաև ոչ լուրջ գործընկերոջ իմիջ ստեղծեց Հայաստանի համար: Վերջին շրջանում ԵՄ ներկայացուցիչներին պետական մակարդակով խոստանում էին, որ նախաստորագրելու են Ասոցացման պայմանագիրը, սակայն վերջին պահին այլ որոշում կայացրեց Սերժ Սարգսյանը, որը ցույց տվեց, որ նա երկար ժամանակ խաբել է ոչ միայն իր թիմակիցներին, այլ նաև եվրոպացի գործընկերներին:

Բացի վերը նշվածից, Ասոցացման պայմանագրի բանակցությունների ընթացքում ԵՄ անդամ Հունգարիան ազատ արձակեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին, որը ևս Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության անհաջողությունների հետևանքն է: Բոլորն էլ հասկանում են, որ Ռուսաստանը կարող էր ճնշումներ գործադրել Հայաստանի վրա, սակայն առանց այդ ճնշումները հաշվի առնելու՝ ԵՄ հետ բանակցություններ սկսելը առնվազն արկածախնդրություն է:

Այսպիսով, Սերժ Սարգսյանը բացարձակ ֆիասկո գրանցեց արտաքին քաղաքականության ոլորտում՝ սկսած 2008-ից, որն էլ իր հերթին ազդեց Հայաստանի արտաքին քաղաքականության այլ խնդիրների վրա: Նա ոչ միայն իր կառավարման ընթացքի համար խնդիրներ ստեղծեց, այլ նաև եկող սերունդների համար, որոնք պետք է փորձեն նրա ստեղծած խնդիրները լուծել: